12:41  ,  14 օգոստոսի, 2018

«Բայերը» նորողություն է խնդրել «Արսենալի» դարպասապահից

Լոնդոնի «Արսենալի» չեխ դարպասապահ Պետր Չեխը Լեւերկուզենի «Բայերին» մեղադրել է ոչ պրոֆեսիոնալ վարք դրսեւորելու մեջ: Չեխին դուր չի եկել գերմանական ակումբի ակնարկն այն մասին, որ «Արսենալի» դարպասը պետք է պաշտպանի թիմի նորեկ Բերնդ Լենոն:

«Արսենալի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջեւ Պրեմյեր լիգայի առաջին տուրի խաղում չեխ դարպասապահը դրվագներից մեկում թույլ է տվել կոպիտ սխալ, ինչից հետո լոնդոնյան ակումբը մոտ էր գոլ բաց թողնելուն: Դրանից հետո «Բայերը» թվիթերյան գրառումով ակնարկրել է, որ Բերնդ Լենոն «Արսենալի» փոխարինողների թվում է: «Բայերի» թվիթերյան էջը հիշեցրել է նաեւ Լենոյի մասնակցությամբ կոմբինացին, որն ավարտվել էր գոլով:

Պետր Չեխը մեկնաբանել է «Բայերի» հրապարակումները՝ կատարելով հետեւյալ գրառումը. «Արսենալում» կան կարեւոր արժեքներ, որոնք մեզ մեծ ակումբ են դարձնում ոչ միայն ֆուտբոլային առումով: Արդար մրցակցությունն ու պրոֆեսիոնալիզմը առաջնային են: Ցավալի է տեսնել, որ որոշ ակումբներ չեն տարանջատում դրանք»:

Գերմանական ակումբը շատ արագ ներողություն է խնդրել Պետր Չեխից եւ գովել նրան տպավորիչ սեյվի համար:

Հիշեցնենք, որ Բերնդ Լենոն այս ամռանը «Բայերից» էր տեղափոխվել «Արսենալ»: Գերմանացի դարպասապահի տրանսֆերը կազմել էր 25 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում