10:12  +04,  9 օգոստոսի, 2018

Հակոբ Սերոբյանը՝ Գլազգոյից. ԵԱ-ում մեր առաջատար մարմնամարզիկները վնասվածքներ ունեն

Եվրոպայի առաջնությանը ոչ լիարժեք մարզավիճակով ենք դուրս գալու մեկնարկի: Մեր առաջատար մարմնամարզիկները վնասվածքներ ունեն: Առանձնապես ակնկալիքներ չունենք:  Թե ինչ արդյունքներ կունենանք, ցույց կտան մրցումները:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գլազգոյից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Օգոստոսի 9-ին Գլազգոյում կմեկնարկի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականը պայքարը կսկսի թիմային առաջնությունում, որից հետո անհատական արդյունքներով մարմնամարզիկները որակավորման փուլը հաղթահարելու դեպքում պայքարը կշարունակեն առանձին գործիքների վարժություններում:

«Այս Եվրոպայի առաջնությանը հանդես ենք գալու ոչ լիարժեք մարզավիճակով: Տղաները վնասվածքներ ունեն: Մեռ առաջատար 4 մարզիկները րոպեներ առաջ վերադարձան բուժզննումից: Մեզ օգնեց Ուկրաինայի հավաքականի բժիշկը, քանի որ մենք չունենք բժիշկ, ինչը շատ վատ է: Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը մինչ այս խնդիրներ ունեին, իսկ մարզումային փուլում ծանրաբեռնվածության ավելանալուց վնասվածքները գլուխ բարձրացրին եւ այժմ որոշակի ցավեր ունեն: Տեսնում ենք, որ բոլորն էլ իրենց ոչ լիարժեք ուժերով են կատարում վարժությունները: Այնպես չի, որ լուրջ խնդիրներ են, ինչի պատճառով չեն կարող մասնակցել, բայց չեն կարող ցուցադրել, այն ինչ կարող են իրականում:

Այս առաջնության հետ անցկացվում է նաեւ երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որում ունենք երկու մասնակից: Օգոստոսի 9-ին պայքարի մեջ կմտնեն մեծահասակները, իսկ հաջորդ օրը՝ երիտասարդները:

Մեծահասակների թիմային պայքարում հանդես կգան՝ ազատ վարժություններում՝ Վահագն Դավթյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, նժույգ թափեր՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, օղակներ՝ Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Թովմասյան, զուգափայտեր՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վիգեն Խաչատրյան, պտտաձող՝ Վիգեն Խաչատրյան, Արթուր Թովմասյան, Արթուր Դավթյան եւ հենացատկ՝ Վիգեն Խաչատրյան, Արթուր Դավթյան եւ Վահագն Դավթյան:

Օգոստոսի 10-ին երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ժորա Սմբատյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Որակավորման փուլը հաղթահարելու դեպքում օգոստոսի 12-ին մեր մարմնամարզիկները հանդես կգան եզրափակիչում՝ առանձին գործիքների վարժություններում:

157 մարզմնամարզիկ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Այս Եվրոպայի առաջնությունը որոշակիորեն տարբերվում է նախորդներից: Նախ այն, որ օգոստոսին է, բացի այդ Գլազգոյում միաժամանակ անցկացվում է մի քանի մարզաձեւերի Եվրոպայի առաջնություն՝ լող, աթլետիկա, հեծանվային սպորտ: Ասես փոքր Օլիմպիադա լինի: Մեկը մյուսին չի խանգարում, մեկ մարզաբազայում չի: Անցկացման կարգը նույնպես փոխված է, մի փոքր խտացված են մրցումները. Օրինակ՝ օգոստոսի 9-ին որոշվելու են թե առանձին գործիքների, թե բազմամարտի եզրափակիչի մասնակիցները: Իսկ նախկինում նախ՝ առանձին գործիքներն էին, հետո նոր բազմամարտի մրցումները: Մեր երիտասարդ մարմնամարզիկները պայքարի մեջ են մտնելու բազմամարտում: Մեծահասակների բազմամարտ այս տարի չկա: Առաջին անգամ են այս կարգով անցկացնում մրցումները»,- ասաց Հակոբ Սերբոյանը:

Մարմնամարզության Հայաստանի հավաքականը մի քանի հավաք է անցել մինչեւ Եվրոպայի առաջնությունը, որից վերջինը Թբիլիսիում էր: Սակայն մարզումների արդյունքներից եւ մարզիկների մարզավիճակի հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ:

«Մենք չկարողացանք այն նախապատրաստական փուլն անցնել, ինչը մեզ պետք էր: Երեւանում անհնար էր մարզվելը շոգ եղանակի պատճառով: Մարզադահլիճում հնարավոր չէր լինում երկար մնալ, իսկ ծանրաբեռնվածությունն ուղղակի անհամատեղելի էր երեւանյան տոթի հետ: Թբիլիսում համեմատաբար լավ եղանակ էր, դահլիճային պայմանները շատ լավն էին, բայց կրկին մարզումային պրոցեսն ինձ չէր բավարարում: Բացի այդ մարզիկների առողջական խնդիրներն ինձ անհանգստացնում էին, ցավեր ունեին, չկարողացանք մեր ուժերին եւ մեր կարողություններին համարժեք պատրաստվել ու ինչպես հարկն է ներկայանալ այս առաջնությանը: Այն մարզավիճակը, որն այժմ ունեն տղաներն, ինձ դուր չի գալիս: Կփորձենք մեր ուժերի ներածի չափով լավ հանդես գալ, բայց չեմ կարծում՝ մեզ հաջողվի մեդալային պայքարում լինել: Չեմ ցանկանում որեւէ հանգամանքով արդարացնել մեր այս վիճակը: Կփորձենք:

Ի սկզբանե Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին ունենք հատուկ ծրագրված մարզումային փուլ: Ծանրաբեռնված մարզումներ ապրիլին, մայիսին, ամռան ամիսներին հիմնականում թեթեւ մարզումներ ենք անում, ավելի շատ հանգիստ վիճակ է տղաների մոտ, ապա կրկին ծանրաբեռնված մարզումներ սեպտեմբերին եւ հոկտեմբեր ու մեկնում ենք աշխարհի առաջնության: Միշտ այդպես է եղել: Այս տարի ամեն ինչ խառնվեց իրար՝ Եվրոպայի առաջնությունը ապրիլից տեղափոխվեց օգոստոս, Հայաստանի առաջնությունը հետաձգեցինք հունիսին, որպեսզի դրանից հետո մարզիկները մտնեն լավ մարզավիճակի մեջ, մարզումային դադար չունենան, իսկ հուլիսի 1-ից մարզադահլիճում ծանրաբեռնված մարզումներ անցկացնել ուղղակի չէր ստացվում շոգ եղանակի պատճառով»,- մանրամասնեց Հակոբ Սերոբյանը:

Ի դեպ, Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի վերանորոգման, նոր մարզագույքը տեղադրելու հարցն այդպես էլ չլուծվեց: Նոր մարզագույքը դեռ շարունակում է մնալ մարզադպրոցի պահեստային սենյակում: Խնդիր կար նաեւ մարզադպրոցի հենացատկի վարժության փոսի հետ կապված, ինչի պատճառով հենացատկի վարժության Հայաստանի առաջատար Արթուր Դավթյանը խոշոր մրցաշարերում երկու եւ ավել պտույտներով ցատկ չէր կարողանում պատրաստել: Հակոբ Սերբոյանը տեղեկացրեց, որ հենացատկի փոսի հարցն արդեն լուծված է:

«Փոսի հարցը լուծվեց ռուս գործընկերների միջոցով: Մայիսին Ռուսաստանի մարմնամարզության ֆեդերացիան ամբողջությամբ լուծեց մեր փոսի հարցը. գումար փոխանցեց մեր ֆեդերացիային, Հայաստանից գնեցինք անհրաժեշտ սպունգները եւ լցրեցինք փոսը: Իսկ մեր նոր մարզագույքը դեռ այդպես էլ մնացել է պահեստում դրված»,- նշեց Հակոբ Սերոբյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ