21:51  ,  7 օգոստոսի, 2018

ԵԼ. «Փյունիկը» տանը չհաղթեց «Մաքաբիին» (ֆոտո)  

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» ստադիոնում 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը Իսրայելի «Մաքաբիի» հետ։

Հանդիպման մեկնարկում երկու անգամ դարպասը գրավելու լավ հնարավորություններ ուներ «Փյունիկի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն, սակայն արդյունքի հասնել չհաջողվեց: Առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար պայքարում, վերջնամասում որոշակի առավելություն ունեին հյուրերը, Իսրայելական ակումբի ֆուտբոլիստի հարվածից հետո էլ գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։

Ընդմիջումից հետո «Փյունիկը» չափազանց ակտիվ վերսկսեց խաղը ֆուտբոլասերների ֆանտաստիկ երկրպագությամբ: Անդրեյ Տալալաեւի գլխավորությամբ «Փյունիկը» մի քանի վտանգավոր պահեր ունեցավ, բայց այդպես էլ չստացվեց գրավել իսրայելական թիմի սերբ խաղացող Պրեդրագ Ռայկովիչի պաշտպանած դարպասը:

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց։

Հիշեցնենք, որ «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը որակավորման վերջին փուլում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում «Փյունիկը» հաղթել էր մակեդոնական «Վարդարին», իսկ երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը: «Մաքաբին» նախորդ 2 փուլերում պայքարից դուրս է թողել հունգարական «Ֆերենցվարոշին» (1:1, 1:0) ու սերբական «Ռադնիչկիին» (2:0, 2:2):

Եվրոպայի լիգա, երրորդ որակավորման փուլ, առաջին հանդիպում

«Փյունիկ» (Երեւան, Հայաստան) - «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել)՝ 0:0

«Փյունիկի» կազմը Անդրիյա Դրագոևիչ, Մաքսիմ Ժեստոկով, Դիդյեր Կադիո, Վյաչեսլավ Դմիտրիև, Սերոբ Գրիգորյան (Սերգեյ Կոլիչեւ, 68), Մաքսիմ Տրուսևիչ, Դենիս Վոյնով, Ալիկ Առաքելյան, Վահագն Հայրապետյան (Ալբերտ Բոգատիրյով, 43), Ռումյան Հովսեփյան, Մոհամեդ Կոնատե (Ռուսլան Կորյան, 66)։

Գլխավոր մարզիչ՝ Անդրեյ Տալալաև։

 

Լուսանկարները՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով