13:16  ,  7 օգոստոսի, 2018

Սպորտի փոխնախարար. Մեկ փուլից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ բասկետբոլն անկում է ապրում Հայաստանում

Մեկ փուլից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ բասկետբոլն անկում է ապրում Հայաստանում: Եթե ֆեդերացիան ճիշտ օգտագործի այս հետքայլը, այն չի լինի հետքայլ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Գաբրիել Ղազարյանը՝ խոսելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների եւ Եվրոբասկետ-2021-ի հաջորդ փուլից հրաժարվելու պատճառների մասին:

Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Հայաստանի սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները: Սակայն խնդիրների մասին հնչող հարցերին խուսափողական պատասխաններ տվեց:

«Նախարարությունը նպատակաուղղված աշխատանք է իրականացնում մասսայական սպորտի ուղղությամբ: Մի քանի ճյուղով ենք փորձում Հայաստանում զարգացնել մասսայական սպորտը: Մեծ շեշտ է դրված նաեւ գրանցված 34 մարզական ֆեդերացիաների վրա: Այս տարի մեծ աշխատանքն են իրականացնում պատանիներն ու երիտասարդները:

Միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 2018 թվականին նվաճել ենք 86 մեդալ՝ 30 ոսկե, 24 արծաթե եւ 32 բրոնզե: Առջեւում ունենք նաեւ մեծահասակների Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները:

2018-19 թթ. նախաօլիմպիական ծանր տարի է: Եթե այս տեմպով աշխատանքներն իրականացվեն, մենք Տոկիոյի Օլիմպիական խաղերին ավելի մեծ քանակի մասակիցներ կունենանք, նաեւ հայտ կներկայացնենք այնպիսի մարզաձեւերի համար, որոնցում վարկանիշներ մինչ այս չենք ունեցել:

Ցավոտ խնդիրներից է հանրակրթական դպրոցներն ու մարզադպրոցները: Նախարարությունը նպատակ ունի հատուկ ծրագրեր իրականացնել հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի դասաժամերն ավելացնելու, մարզադահլիճները վերանորոգելու, դպրոցները մարզագույքով ապահովելու առումով: Կփորձենք այս խնդիրը լուծել տարբեր գերատեսչությունների եւ գործընկերների հետ: Սա ուղղված է մանկապատանեկան սպորտի զարգացմանը: Գրանցված 142 մարզադպրոցներից նախարարության ենթակայության տակ են 24-ը: Իսկ նվաճված մեդալների 70 տոկոսը հենց մեր ենթակայության տակ գտնվող մարզադպրոցների սաների արդյունքներն են»,- ասաց Գաբրիել Ղազարյանը:

Անդրադառնալով խաղային մարզաձեւերի խնդիրներին, մասնավորապես Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆինանսական խնդրին, Գաբրիել Ղազարյանը շրջանցեց բասկետբոլի ազգային հավաքականում ստեղծված խնդիրը, միայն գովերգելով երկրում բասկետբոլի զարգացումը: Հիշեցնենք, որ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հրաժարվել է Եվրոբասկետ-2021-ի ընտրական երկրորդ փուլի մասնակցությունից, Եվրոբասկետ-2021-ի պահանջներին համապատասխանող մարզադահլիճ չունենալու պատճառով:

«Խաղային մարզաձեւերը Հայաստանում զարգացնելը եւ առավել եւս միջազգային մրցասպարեզում հավաքական ներկայացնելը շատ բարդ է: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը շատ մեծ ու ծավալուն աշխատանք կատարեց վերջին տարիներին: Չեմ ուզում պատճառներին անդրադառնալ, թե ինչու է հավաքականն այսօր այդ խնդրի առաջ կանգնած, բայց չենք կարող չփաստել, որ Հայաստանում բասկետբոլը մեծ տեմպերով զարգանում է: Ցանկալի կլիներ, որ մյուս խաղային ձեւերն էլ նույն տեմպով զարգանային:

Ինչ վերաբերում է Եվրոբասկետ-2021–ից հրաժարվելու խնդրին եւ դրանց պատճառներին, «Միկա» մարզահամալիրը նախկինում ՊԵԿ-ի ենթակայության տակ էր, իսկ այժմ տրվել է Սպորտի նախարարությանը: Չեմ ցանկանում փակագծերը բացել, թե ինչ աշխատանքներ են իրականացվելու առաջիկայում այս մարզադահլիճը վերակառուցելու, վերասարքավորելու ուղղությամբ, բայց արդեն կան ծրագրեր եւ առաջիկայում բոլորը կտեսնեն:

Եթե մենք ուզենանք որեւէ մրցաշար անցկացնել Հայաստանում, մենք կկարողանանք դա անել, մենք ցանկացած խնդիր կարող ենք լուծել, մարզադահլիճ վերափոխել եւ անցկացնել այդ մրցաշարը:

Մեկ փուլից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ բասկետբոլն անկում է ապրում Հայաստանում: Հետքայլը ճիշտ օգտագործելու դեպքում այդքան էլ հետքայլ չի լինի: Եթե բասկետբոլին ավելացվի գումարը, նշանակում է այլ մարզաձեւից վերցնել այդ գումարը: Կա չափորոշիչ, որով ղեկավարվում է նախարարությունը: Նախարարության տրամադրած գումարների նպատակը մարզաձեւերի զարգացումն է երկրում: Եթե N գումար է տրվում, ապա ֆեդերացիան իր կողմից էլ գումար պետք է հայթայթի եւ իր միջոցները հոգա: Բացի այդ ունենք եւս մեկ քաղաքականություն՝ ով մեդալ է բերում, այդ ֆեդերացիաների գումարն է ավելանում: Հայաստանում մյուս մարզաձեւերը, որոնք աշխարհում հայտնի են որպես ուժեղագույն հավաքականներ, թիմեր, ո՞վ է ասում, որ միայն պետական գումարների հույսին են: Բասկետբոլի ֆեդերացիան 2017-18 թթ. ավելի մեծ գումարներ է ծախսել եւ կոռեկտ չի լինի որեւէ թիվ նշելը:

Որպես նախաօլիմպիական տարի, նաեւ նշեմ, որ կառավարությունն ավելացնելու է ֆեդերացիաների գումարները: Բայց սա չի նշանակում, որ ֆեդերացիաները պետք է հույսները դնեն այդ պետական միջոցների վրա: Ֆեդերացիաներն իրենք էլ պետք է այլ միջոցներ ներգրավեն հովանավորների միջոցով»,- նշեց փոխնախարարը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս