15:53  ,  6 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա. «Փյունիկի» ու «Ալաշկերտի» պոտենցիալ մրցակիցները

Շվեյցարական Նյոնում անցկացվեց ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը:

Երեւանի «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում Թել Ավիվիի «Մաքաբիի» արգելքը հաղթահարելու դեպքում կհանդիպի նորվեգական «Սարպսբորգի» եւ խորվաթական «Ռիեկայի» դիմակայության հաղթողի հետ:

Երեւանի «Ալաշկերտի» ու Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» դիմակայության հաղթողի հաջորդ մրցակիցը կլինի լեհական «Լեգիայի» (Վարշավա) ու Լյուքսեմբուգի «Դյուդելանժի» միջեւ դիմակայության հաղթողի հետ:

Այս փուլում հաղթողները կնվաճեն Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիր: Որակավորման վերջին փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 23-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ նախկինում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել դուրս գալ եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկը» «Մաքաբիին» ընդունելու է օգոստոսի 7-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ «Ալաշկերտը» նույն վայրում «Կլուժի» հետ կխաղա օգոստոսի 9-ին:

«Փյունիկի» պոտենցիալ մրցակիցներից «Սարպսբորգը» Նորվեգիայի ընթացիկ առաջնության 17-րդ տուրից հետո 29 միավորով բաժանում է 5-6-րդ տեղերը, իսկ «Ռիեկան» Խորվաթիայի նախորդ առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը՝ 3 միավոր զիջելով Զագրեբի «Դինամոյին»:

«Ալաշկերտի» պոտենցիալ մրցակիցներից Վարշավայի «Լեգիան» Լեհաստանի գործող չեմպիոնն է, իսկ «Դյուդելանժը» հաղթել էր Լյուքսեմբուգի նախորդ առաջնությունում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով