22:24  ,  2 օգոստոսի, 2018

Վարուժան Սուքիասյանը՝ «Կլուժի» դեմ հանդիպման մասին․ Մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղալու

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Չեռնագորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ գոլազուրկ ոչ ոքին Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, որի արդյունքում հայկական ակումբը դուրս եկավ հաջորդ փուլ:

«Առաջին խաղակեսը լավ սկսեցինք, մի քանի գոլային պահեր չիրացրինք։ Մրցակիցը լավ էր պատրաստվել ստանդարտ դիրքերին։ Շատ ծանր հանդիպում էր։

Ճիշտ է, այսօրվա խաղի երկրորդ խաղակեսում մի փոքր հոգնածություն զգացվեց, բայց ես շնորհակալ եմ տղաներից։ Էդգար Մանուչարյանը 2 շաբաթից կընդգրկվի հիմնական կազմում։ Ինչպես հիշում եք, անցյալ տարի առաջնության ավարտական փուլում ծանրաբեռնված ցիկլով ենք խաղացել, այս տարի ևս այդպես կլինի, բայց խաղացողների ընտրություն ունենք։ Արտակ Եդիգարյանն այսօր վատ հանդես չեկավ, իսկ Հայաստանի հավաքականը պաշտպանի դիրքում խնդիր ունի։ Ափսոսում եմ, որ թիմից հեռացավ Միհրան Մանասյանը. դա նրա որոշումն էր:

Մենք պետք է դիտենք «Կլուժի» խաղը, որպեսզի որոշենք մեր մարտավարությունը։ Ամեն դեպքում, մենք համարձակ ֆուտբոլ ենք խաղալու»,- հետխաղյա ասուլիսում նշել է Սուքիասյանը։

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով