20:55  ,  2 օգոստոսի, 2018

Եվրոպայի լիգա․ «Ալաշկերտը» կրկնեց «Փյունիկի» հաջողությունը

Երեւանի «Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ակումբը, որը դուրս է գալիս եվրագավաթների մրցաշարի որակավորման երրորդ փուլ:

Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Ալաշկերտը» Երեւանի «Հանրապետական» ստադիոնում գոլազուրկ ոչ ոքի խաղաց Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» հետ եւ դուրս եկավ հաջորդ փուլ:

Հիշեցնենք, որ Չեռնոգորիայում կայացած առաջին խաղում «Ալաշկերտը» հաղթել էր նվազագույն հաշվով: Հայկական ակումբը հաջորդ փուլում կմրցի Ռումինիայի չեմպիոն «Կլուժի» հետ, որը Եվրոպայի լիգայում է հայտնվել Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում շվեդական «Մալմյոյին» պարտվելուց հետո:

«Ալաշկերտի» ու «Կլուժի» միջեւ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը կկայանա օգոստոսի 9-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում, իսկ պատասխան հանդիպումը՝ մեկ շաբաթ անց Ռումինիայում:

«Ալաշկերտը» Եվրոպայի լիգայում հայտնվել է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում շոտլանդական «Սելթիկին» պարտվելուց հետո:

Եվրոպայի լիգա, որակավորման երկրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա»՝ 0։0 

«Ալաշկերտ» Օգնեն Չանչարեւիչ, Մլադեն Զելկանովիչ, Գորան Անտոնիչ, Տարոն Ոսկանյան, Օլիվեր Պրազնովկսի, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան (Դանիել Ստոյկովիչ, 66), Արտակ Գրիգորյան, Ջեֆերսոն Ռեիս, Դանիլո Սեկուլիչ, Ուրոշ Նենադովիչ (Էդգար Մանուչարյան, 79):

Լուսանկարները՝ «Ալաշկերտի» մամուլի ծառայություն

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով