16:23  ,  2 օգոստոսի, 2018

Սյուզի Կենտիկյան. Երազանքս է մենամարտ անցկացնել Հայաստանում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց թեթեւագույն քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը վերադառնում է ռինգ:

Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սյուզի Կենտիկյանը, որն այս օրերին Երեւանում է: Օգոստոսի 2-ին 30-ամյա մարզուհին ներկա էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 12-րդ համաժողովին, որի ընթացքում Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանը վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում:

«Մոտ երկու տարի դադար էի վերցրել եւ չէի մենամարտում, բայց չէի ավարտել կարիերաս: Ինձ ընդմիջում էր հարկավոր, ավելի շատ ցանկանում էի մասնակցել տարբեր նախագծերի ու շոուների: Երկար տարիներ եմ բռնցքամարտում եւ ինձ պետք է հանգստանալ: Սա հանգստի եւ այլ ոլորտներում ինձ փորձելու շրջան էր ինձ համար: Ցանկացա նոր ճանապարհներով գնալ, եւ ինձ համար շատ օգտակար եղավ այս դադարը: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ վերադառնում մեծ ռինգ եւ առաջիկայում կունենամ մենամարտ: Այժմ բանակցություններ են ընթանում, թե ով է լինելու մրցակիցս: Կարծում եմ՝ մինչեւ այս տարվա ավարտը կամ հունվար ամսին հայտնի կդառնա մրցակցիս անունը:

Ունեմ շատ մեծ երազանք եւ նպատակ. շատ եմ ցանկանում մենամարտ անցկացնել Հայաստանում: Ծրագրում եմ կարիերայիս վերջին մենամարտն անցկացնել Հայաստանում: Ցանկանում եմ այստեղ մեծ շոու անցկացնել իմ հայ երկրպագուների համար: Արդեն բանակցություններ կան, ինքս էլ շահագրգռված եմ, որ իմ երկրում ավարտեմ բռնցքամարտի կարիերան եւ հեռանամ ռինգից: Հայաստանում դեռ մարզումներ ծրագրված չեն, բայց շատ կցանկանամ հաջորդ մենամարտիցս առաջ նաեւ մարզումային փուլ անցնել այստեղ: Ինձ շատ է դուր գալիս Հայաստանի բնությունը եւ հաճելի կլինի մենամարտին պատրաստվել այստեղ՝ ընկերոջս հետ: Ի դեպ, ես այժմ աշխատում եմ նոր թիմով: Գիտեմ նաեւ, որ համաշխարհային մրցասպարեզում կանանց բռնցքամարտը մի փոքր անհետաքրքիր է դարձել: Իմ նոր թիմի հետ որոշել ենք նորամուծություն անել, եւ կանանց բռնցքամարտում փոխել ինչ-որ բան: Այդ ամենի համար պետք է շոու: Ես ինձ միայն բռնցքամարտող մարզիկ չեմ համարում, ցանկանում եմ այլընտրանքային բռնցքամարտ մտցնել կանանց պայքարում: Այս մտահղացումը դեռ մշակման փուլում է եւ դեռ չեմ բարձրաձայնի, թե ինչի մասին է խոսքը: Թող մնա գաղտնիք»,- ասաց Սյուզի Կենտիկյանը:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ աշխարհի չեմպիոնը նշեց, որ դեռ չի ամուսնացել:

«Սիրում եմ անձնական կյանքիս մասին լռել, քանի որ դա իմ անձնականն է: Երբ ժամանակը գա, բոլորը կիմանան: Դեռ ամուսնացած չեմ: Սուտ են բոլոր այն խոսակցությունները, թե ես ամուսնացել եմ: Կամուսնանամ Հայաստանում»,- նշեց Սյուզի Կենտիկյանը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող մարզուհին նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի հուլիսի 31-ին գերմանական Համբուրգ քաղաքում, որտեղ միավորներով հաղթել էր խորվաթ Նեւենա Միկուլիչին: Դա Կենտիկյանի 36-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում նա կրել է նաեւ 2 պարտություն:  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս