11:31  ,  1 օգոստոսի, 2018

«Փյունիկի» սեփականատեր. Առանց երկրպագուների չէր լինի այս պատմական հաղթանակը

Երեւանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հայկական ակումբի պատմական հաղթանակին ղազախական «Տոբոլի» նկատմամբ:

«Ֆուտբոլը միայն խաղ չէ: Ֆուտբոլը տոն է, դա երջանկություն է, երբ հաղթում է քո սիրելի թիմը: Երեկ «Փյունիկի» կազմում խաղաց 12-րդ լիարժեք խաղացողը` ի դեմս մեր սիրելի երկրպագուների:

Մենք միասնական էինք, մենք մեկ թիմ էինք` ֆուտբոլիստները, մարզիչները եւ մեր նվիրված երկրպագուները:

Առանց ձեզ չէր լինի այս պատմական հաղթանակը: Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել էին ստադիոն, ովքեր երկրպագում էին մեզ համակարգիչների ու հեռուստացույցի առջեւ: Միասին մենք կարող ենք շատ բաներ»,- ֆեյբուքյան էջում գրել է Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած պատասխան խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով