13:11  ,  31 հուլիսի, 2018

Ռուսլան Կորյան. Հույս ունեմ, որ «Տոբոլի» դեմ խաղին ներկա կլինեն սովորականից ավելի շատ երկրպագուներ

Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը խոսել է ղազախական «Տոբոլի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի մասին:

«Չեմ ցանկանում խոսել թիմերի հնարավորությունների մասին, սակայն, ինչպես բոլորս գիտենք, 2-խաղյա դիմակայություններում մրցակցի դաշտում խփած գոլը շատ կարեւոր է: Անհամբերությամբ սպասում ենք պատասխան խաղին:

Ի՞նչ կարող եմ ասել խաղի նկատմամբ հետաքրքրության մասին. սա կարեւոր հանդիպում է 2 թիմերի համար էլ: Հույս ունեմ, որ այս խաղին ներկա կլինեն սովորականից ավելի շատ երկրպագուներ:

Կարծում եմ՝ «Տտոբոլն» առաջին հերթին ուժեղ է թիմային խաղով, այլ ոչ թե անհատական գործողություններով: Միեւնույն ժամանակ, այդ թիմում կան անհատապես լավ պատրաստված խաղացողներ: Նրանց միացել է նաեւ Խուան Լեսկանոն, որի հետ հրաշալի մրցաշրջան եմ անցկացրել Խաբարովսկում: Նա ուժեղ խաղացող է:

Չենք մտածում, թե որ մրցակիցն ավելի հարմար կլինի որակավորման հաջորդ փուլում: Ապրում ենք այսօրվա օրով»,- Կորյանի խոսքը մեջբերում է sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով, իսկ Կորյանը վերջին րոպեին կրճատել էր հաշիվը: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի ժամը 20:00-ին: Մուտքն ազատ է: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբները երբեք չեն հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով