15:33  ,  27 հուլիսի, 2018

Անդրեյ Տալալաեւը՝ Ռուսլան Կորյանի գոլի մասին. Մեծ ֆուտբոլիստը վերադարձել է մեծ ֆուտբոլ (ֆոտո)

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը, մեկնաբանելով Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում ղազախական «Տոբոլից» 1։2 հաշվով կրած պարտությունը, անդրադարձել է նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանին, որը վերջին րոպեին կրճատեց հաշիվը: Ռուս մասնագետը հույս է հայտնել, որ Երեւանում կայանալիք պատասխան խաղում հայկական ակումբը մեծ աջակցություն կստանա երկրպագուների կողմից:

«Մրցեցինք շատ կազմակերպված ու զգույշ գործող թիմի հետ: Իմ՝ «Փյունիկը» գլխավորելուց հետո մենք դեռ չէինք ունեցել այսպիսի մրցակից: Բացի այդ, Ղազախստանում մրցաշրջանը թեժ փուլում է: Սխալներից խուսափել չհաջողվեց, թեեւ տղաներին զգուշացրել էի, թե ինչով է ուժեղ «Տոբոլը»: Փոխարինումների միջոցով կարողացանք փոխել խաղի ընթացքը եւ խփել շատ կարեւոր գոլ: Աչքի ընկավ հենց փոխարինման դուրս եկած Կորյանը: Ռուսլանը 7 ամիս բաց է թողել ծանր վնասվածքի պատճառով՝ մեծ ֆուտբոլիստը վերադարձել է մեծ ֆուտբոլ:

Պատասխան խաղում հզոր աջակցություն ենք ակնկալում տրիբունաներից: Ի դեպ, Կոստանայում տրիբունայում հավաքվել էր հայկական համայնքը, ինչպես նաեւ մեզ հետ Երեւանից մեկնել էին 25 երկրպագուներ: Շնորհակալություն նրանց: Հասկանում ենք, որ Երեւանում մեզ սպասվում է բարդ հանդիպում, սակայն հավատում ենք հաջողությանը եւ կանենք այն ամենը, ինչ կարող ենք»,- Տալալաեւի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» ու «Տոբոլի» միջեւ պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով