00:42  ,  27 հուլիսի, 2018

Վարուժան Սուքիասյան․ Կարող էինք խփել նաև երկրորդ գոլը

Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը խոսել է Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտյեսկայի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման մասին: Այդ խաղում Հայաստանի չեմպիոնը արտագնա հաղթանակ էր տարել նվազագույն հաշվով։

«Սուտյեսկան» բավականին արագ և հարգանքի արժանի թիմ է: Առաջին խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը և կարողացանք նյութականացնել այն:

Կարող էինք նաև երկրորդ գոլը խփել, բայց չստացվեց: Մրցակիցը ամբողջ խաղում միայն մեկ իրական գոլային հնարավորություն ուներ:

Երկրորդ խաղակեսում մեզ մոտ երկար ճանապարհի հետ կապված որոշակի հոգնածություն նկատվեց, սակայն կարողացանք վստահ պաշտպանվել և խաղը հասցնել տրամաբանական ավարտի: Բնականաբար, գոհ եմ արդյունքից, սակայն դիմակայության ելքը կվճռվի մեկ շաբաթ անց Երևանում»,- Սուքիասյանի խոսքն է փոխանցում «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 2-ին Երեւանի «Հանրապետական» ստադիոնում։

Հիշեցնենք, որ 2 թիմերն էլ հայտնվել են Եվրոպայի լիգայում, քանի որ դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ «Ալաշկերտը» պարտվել էր շոտլանդական «Սելթիկին», իսկ «Սուտյեսկան»՝ ղազախական «Աստանային»։

«Սուտյեսկայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգում պարտվողի հետ:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով