13:22  ,  26 հուլիսի, 2018

«Փյունիկը» պարզաբանել է, թե ինչու են թիմի առաջատար խաղացողներին ուշացումով ստացել Ղազախստանի վիզա

Երեւանի «Փյունիկը» հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված թիմի հարձակվողներ Մոհամեդ Կոնատեին, Դրիսա Դիարասուբային, պաշտպաններ Բակարա Բալդեին, Դիդյե Կադիոյին ու դարպասապահ Անդրիա Դրագոեւիչին «Տոբոլի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպման համար ուշացումով Ղազախստանի վիզա տրամադրելու վերաբերյալ:

«Հուլիսի 25-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը ամբողջ կազմով, ինչպես նաև 25 երկրպագուներով, չարտերային չվերթով պետք է մեկներ Ղազախստանի Կոստանայ քաղաք։

Երբ «Փյունիկն» իմացավ, որ իր մրցակիցը ղազախական «Տոբոլն» է, միանգամից սկսեց վիզայի հետ կապված թղթաբանական հարցերի կարգավորումը։ Ինչպես գիտեք, հայ և ռուս ֆուտբոլիստների համար մուտքի արտոնագրման ոչ մի խնդիր չկար, սակայն 4 աֆրիկացու, ինչպես նաև 1 չեռնոգորացու համար պետք էր դիմել մուտքի արտոնագիր ստանալու համար։

Ըստ Ղազախստանի օրենքի՝ մուտքի արտոնագիր տրամադրվում է 5-14 օրվա ընթացքում։ Մենք դիմեցինք մրցակից թիմին, որպեսզի հրավերներ ուղարկի միգրացիոն ծառայություն, քանի որ Ղազախստանի վիզաները նշված պետությունների համար, հաստատում է ոչ թե դեսպանատունը, այլ երկրի կառավարությունը։

Նրանցից միայն պահանջվում էր ստանալ համապատասխան կոդ-թույլտվություններ, որից հետո միայն հնարավոր կլիներ վիզաների ստացումը։

«Տոբոլը» այդ հարցով սկսեց զբաղվել միայն երեքշաբթի օրը՝ հուլիսի 24-ին, իսկ մեր չվերթը հուլիսի 25-ի վաղ առավոտյան էր։ Արդյունքում՝ մեր 5 ֆուտբոլիստները հուլիսի 25-ին չկարողացան մեկնել Կոստանայ։

Վիզաներն, այնուամենայնիվ, եղան, սակայն դրանք հաստատվեցին հուլիսի 25-ին՝ ժամը 20։00-ին, երբ վերջին ինքնաթիռը, որը կարող էր նրանց հասցնել Կոստանայ, արդեն մեկնել էր։

Քանի որ այդ 5 ֆուտբոլիստները թիմի առանցքային խաղացողներն են, ակումբի ղեկավարությունը որոշեց պատվիրել մասնավոր բիզնես-ինքնաթիռ և գիշերը ֆուտբոլիստները մեկնեցին, իսկ առավոտյան նրանք հասան Կոստանայ։

Ստեղծված խոչընդոտները չէին կարող խանգարել մեր թիմին։ Տղաներն ունեն մարտական տրամադրվածություն և պատրաստ են հաղթանակի»,- նշվում է ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ «Տոբոլ» - «Փյունիկ» հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 19:00-ին, Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով