17:11  ,  25 հուլիսի, 2018

Դմիտրի Սելյուկ. «Փյունիկի» հանդեպ «Տոբոլի» արածը խայտառակություն է

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը մեկնաբանել է Երեւանի «Փյունիկի» 5 առաջատար խաղացողների՝ Ղազախստանի մուտքի վիզա չտրամադրելու որոշումը: «Փյունիկի» հարձակվողներ Մոհամեդ Կոնատեն, Դրիսա Դիարասուբան, պաշտպաններ Բակարա Բալդեն, Դիդյե Կադիոն ու սերբ դարպասապահ Անդրիա Դրագոեւիչը չեն մասնակցի ղազախական «Տոբոլի» հետ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղին, որը կայանալու է հուլիսի 26-ին Ղազախստանում:

«Սա պարզապես խայտառակություն է: Սկզբում դա արվում էր ՈւԵՖԱ-ի միջոցով: Անհրաժեշտ է դիմել նրանց ու լուծել այդ խնդիրը: Նրանք ցանկանում են խաղից դուրս թողնել Կոնատեին, որը «Վարդարի» դեմ 2 խաղերում դարձավ 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Առանց նրա «Փյունիկը» կորցնում է հարվածային ուժը: Դա լկտիություն ու կամայականություն է ղազախների կողմից:

Միանշանակ, «Փյունիկը» պետք է դա աներ ավելի շուտ՝ դեռ հինգշաբթի օրը: Ես վստահ էի, որ նրանք հաղթահարելու են «Վարդարի» արգելքը, այդ պատճառով պետք էր ավելի վաղ դիմել վիզայի համար: ՈւԵՖԱ-ն փաստաթղթերը պատրաստում է մեկ օրում, սակայն այդ հարցը կարելի էր լուծել ավելի շուտ: Հնարավոր է, որ նրանց վիզա կտան այսօր ուշ երեկոյան: Եթե նրանց վիզա տրամադրեն այսօր, ապա պատկերացնո՞ւմ եք, որ խաղացողները պետք է երկար ճանապարհ անցնեն ու ինքնաթիռից ուղեւորվեն խաղադաշտ: Ղազախներն արդեն իրենց խաղը սկսել են օդանավակայանում:

Ամենահետաքրքիրն այն է, որ Կոնատեն ունի ղազախական կացության թույլտվության: Նա խաղացել է «Կայրաթում», եւ նրա անձնագրում ամեն բան կարգին է: Դա այն մարդը չէ, որին պետք է վիզա տրամադրելուց առաջ ստուգել հատուկ ծառայությունների միջոցով: Կոնատեի անձնագրում կա ղազախական վիզա, եւ դա եւս մեկ անգամ փաստում է ղազախների ոչ մարզական վերաբերմունքը հայկական «Փյունիկի» նկատմամբ: Դա խայտառակություն է: Կոնատեն թիմի առանցքային խաղացողներից է: Այստեղ իրավիճակն այնպիսին է, որ խաղը պետք է մեկ օրով հետաձգել այս իրադարձությունների պատճառով: Պատկերացնում եք, «Բարսելոնան» մեկնում է Չեմպիոնների լիգայի արտագնա խաղի, եւ Մեսիին ու Ինյեստային չեն թողնում մուտք գործել այդ երկիր»,- Սելյուկի խոսքը մեջբերում է Sport24.ru-ն:

Հիշեցնենք, որ «Տոբոլ» - «Փյունիկ» խաղը կկայանա հուլիսի 26-ին Ղազախստանի Կոստանայ քաղաքում: Պատասխան հանդիպումը կանցկացվի հուլիսի 31-ին Երեւանում:

Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով


  • Լրահոս