19:32  ,  20 հուլիսի, 2018

Հայաստանում ստեղծվել է պարահոկեյի թիմ. Ցուցադրական խաղ Երեւանում (ֆոտո)

Հայաստանն արդեն ունի պարահոկեյի թիմ եւ մեծ հույս կա, որ 2022 թվականի ձմեռային Պարալիմպիկ խաղերում պարահոկեյի մրցաշարում կունենանք մեր առաջին թիմը։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ, «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը։

Երեանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում հուլիսի 20-ին կայացավ Հայաստանում առաջին անգամ կազմավորված պարահոկեյի (նստած հոկեյ) ցուցադրական ելույթ։

Պարահոկեյի հայկական թիմն արդեն մի քանի մարզում է անցկացրել, իսկ հուլիսի 20-ի ցուցադրական ելույթով պարահոկեյի թիմը պաշտոնապես ներկայցվեց։

«Պարահոկեյն աշխարհում նոր զարգացող մարզաձեւ է։ 2 տարի առաջ մասնակցեցինք մի մեծ մրցակցության եւ կարողացանք ազգային պարալիմպիկ կոմիտեի զարգացման «Ագիտոս» հիմնադրամից դրամաշնորհ ձեռք բերել։ Մեզ տրամադրվեց 18 հազար եվրո, որպեսզի թիմ ստեղծելու համար կարողանանք սահնակներ եւ պաշտպանիչ հագուստներ ձեռք բերենք Կանադայից ու Չեխիայից։ Հավաքագրեցինք հաշմանդամություն ունեցող մարզիկների, ովքեր ցանկություն ունեին զբաղվել պարահոկեյով։ Արդյունքում ունեցանք թիմ, որը լավ աջակցության արդյունքում գուցե ներկայացնի Հայաստանը 2022 թվականին Չինաստանում կայանալիք ձմեռային Պարալիմպիկ խաղերում։ Բայց դրա համար մեզ մեծ ֆինանսավորում է պետք, մարզումային լուրջ գործընթաց։

Ինչ վերաբերում է մարզիկներին, ունենք լավ թիմ մեծ ներուժով։ Ի դեպ, մեր մարզիկները շատ արագ յուրացրեցին պարահոկեյ մարզաձեւը, մեծ ջանքեր գործադրեց նաեւ թիմի մարզիչ Մհեր Հովհաննիսյանը։ Թիմը, կարող եմ ասել՝ կայացել է, 6 ամիս արդեն ակտիվ մարզվում ենք։

Խորվաթիայում կայացած հաշմանդամների ձմեռային մարզաձեւերի զարգացման սեմինարում հանդիպեցի պարահոկեյի միջազգային ֆեդերացիայի նախագահին եւ ցանկությունս հայտնեցի մեր երկրում եւս այս մարզաձեւը հիմնել եւ զարգացնել։ Ի դեպ Փհենչհանում կայացած ձմեռային Պարալիմպիկ խաղերում ամենադիտարժան մարզաձեւը հենց պարահոկեյն էր, այս մրցումների տոմսերն էին ըստ վիճակագրության ամենաշատ վաճառվածը։ Այդպես միտք ծագեց այս մարզաձեւը բերել նաեւ մեր երկիր եւ ստեղծել թիմ։

Մեր նորաստեղծ թիմն այս պահին գտնվում է պարահոկեյի միջազգային ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում եւ 2018 թվականի հոկտեմբերի 20-25-ը Երեւանում Ի. Ռոդնինայի անվան մարզադպորցում տեղի կունենա պարահոկեյի միջազգային ուսուցում։ Հայաստան կժամանեն 5-6 երկրից շուրջ 30 մարզիկ, մարզիչ, ովքեր մարզումներ, մարզիչների համար սեմինարներ կանցկացնեն:

Այս պահին դեռեւս մարզումային գրաֆիկը հստակեցված չէ։ Եթե Երեւանի քաղաքապետարանի հետ համաձայնեցնենք եւ մարզումներն այս մարզադպրոցում  դարձնենք շաբաթական 3 անգամ, մի քանի ամսից արդեն կարող ենք նաեւ միջազգային մրցաշարերում հանդես գալ, ինչպես նաեւ հավակնել Պարալիմպիկ խաղերին մասնակցելուն»,- նշեց Հակոբ Աբդահամյանը։

Հայաստանում առաջին անգամ ստեղծված պարահոկեյի թիմի ցուցադրական ելույթին մասնակցում էր 8 մարզիկ, բայց Հակոբ Աբրահամյանի խոսքով թիմը բաղկացած է 10 մարզիկից։

«Առայժմ թիմում եւ աղջիկներ են եւ տղաներ, բայց մենք նպատակ ունենք միջազգային մրցասպարեզ դուրս բերել աղջիկների թիմ»,- հավելեց Հակոբ Աբրահամյանը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում