16:52  ,  19 հուլիսի, 2018

Դեմիրբայ. Օզիլը պարտավոր չէ երգել Գերմանիայի հիմնը

«Հոֆենհայմի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Քերեմ Դեմիրբայը կոչ է արել Բունդեսթիմի անհաջողությունների կենտրոնական ֆիգուր չդարձնել Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որին գերմանական մամուլը քննադատել էր հանդիպումներից առաջ Գերմանիայի հիմնը չերգելու համար, իսկ Գերմանիայի ֆուտբոլային միությունը սխալ էր համարել Օզիլի լուսանկարվելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

«Երբ թիմում ամեն ինչ լավ է, ոչ ոք ոչինչ չի ասում։ Երբ լինում է ձախողում, պետք չէ առանձնացնել մեկ խաղացողի։ Օզիլը հպարտությամբ է հագնում Գերմանիայի հավաքականի խաղաշապիկը, բայց Մեսութը պարտավոր չէ երգել Գերմանիայի հիմնը, քանի որ նա այդպես է որոշել։ Դրա պատճառն այն չէ, որ նա Գերմանիայի թուրք է։ Դուք պետք է հարգեք նրա որոշումը, քանի որ այդպես անում են նաեւ այլ երկրների հավաքականների խաղացողներ»,– Դեմիրբայի խոսքը մեջբերում է kicker.de–ն։

Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնությունում 2014թ. աշխարհի գավաթակաիր Գերմանիան պատմության մեջ առաջին անգամ չկարողացավ դուրս գալ խմբից՝ Շվեդիայի, Մեքսիկայի եւ Հարավային Կորեայի հետ պայքարում գրավելով վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում