17:15  ,  17 հուլիսի, 2018

ՀՖՖ–ի վերակազմակերպումը կուղեկցվի ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությամբ

Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հուլիսի 17–ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործկոմի հերթական նիստը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերվում էր ՀՖՖ արտահերթ ժողով անցկացնելուն: Նշված անհրաժեշտությունը առաջացել է օրենսդրական փոփոխությունների հետևանքով, համաձայն որի ՀՖՖ-ն, որպես իրավաբանական անձանց միություն պետք է մինչև 2019թ-ի փետրվար ամիսը վերակազմակերպվի Հասարակական Կազմակերպության:

ՀՖՖ վերակազմակերպման գործընթացը կուղեկցվի ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրությամբ: Գործկոմի անդամները տեղեկացվեցին նաև, որ ՀՖՖ-ն, ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հետ համատեղ մշակում է ՀՖՖ նոր կանոնադրության նախագիծ, որը պետք է ներկայացվի ՀՖՖ առաջիկա արտահերթ ժողովի հաստատմանը: Նոր կանոնադրության նախագծում հաշվի կառնվեն ինչպես ներպետական օրենսդրության փոփոխությունները, այնպես էլ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կողմից ազգային ասոցիացիաների կանոնադրություններին ներկայացվող պարտադիր պահանջներում տեղ գտած փոփոխությունները: Գործադիր կոմիտեն որոշեց որպես արտահերթ ժողովի անցկացման  նախնական ժամանակաշրջան սահմանել 2018թ-ի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակը:     

Օրակարգային հարցերի թվում Գործկոմի անդամները հաստատեցին ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգում առաջարկվող փոփոխությունները և 2018-2019թթ. մրցաշրջանի ֆուտբոլի մանկապատանեկան և մանկական մրցումների անցկացման կանոնանակարգերը:

Օրակարգային հարցերից էր «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի կողմից հուլիսի 16-ին ներկայացված դիմումի քննարկումը, որով ակումբը ՀՖՖ-ին ներկայացրել է՝ Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թ.-ի մրցաշրջանին մասնակցելու վերաբերյալ Հավաստագիրը: Հավաստագրի ուշ ներկայացումը ակումբը բացատրել է առաջին թիմի ռազմավարական ուղղության հստակեցման հետ:

Գործադիր կոմիտեն քննարկելով ներկայացված դիմումը, հաշվի առնելով ակումբի երկրպագուների և ֆուտբոլասերների  շահերը, մարզում ֆուտբոլի զարգացման ընդհանուր քաղաքականությունը՝ որոշեց բավարարել դիմումը և թույլատրել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին  հանդես գալ ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունում:

Բարձրագույն խմբի առաջնությանը «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի մասնակցությունը թույլ տալու հետևանքով կանոնակարգի նախագծում և խաղացանկում առաջացած անհրաժեշտ նոր փոփոխություններ կատարելու անհրաժետությամբ՝ ՀՀ ակումբների միջև պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգի և խաղացանկի հաստատման օրակարգային հարցի քննարկումը հետաձգվեց  երկու օրով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում