20:01  ,  16 հուլիսի, 2018

Արթուր Սողոմոնյան․ Կողջունեմ, եթե ֆեդերացիայի ղեկավարությունը, նախագահը փոխվի

Հայկական ֆուտբոլը մեկ բառով ասած՝ տխուր վիճակում է, ամեն ինչ մեկ մարդու ղեկավարության ներքո է։ Եթե անկեղծ՝ կողջունեմ, եթե ֆեդերացիայի ղեկավարությունը, նախագահը փոխվի, իսկ եթե ոչ, դեռ հույս ունեմ դրական լուծումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Փյունիկ» ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։

«Ես չեմ եկել հայկական ֆուտբոլ ինչ-որ մեկի հետ պատերազմելու կամ պայքարի մեջ մտնելու համար, իմ նպատակը եղել է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնելը,քանի որ տեսնում եմ մեծ ներուժ։ Երբ ինձ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն առաջարկեց վերցնել «Փյունիկը», ես այդ ժամանակ չէի ցանկանում միանգամից զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով։ Համաձայնություն ձեռք բերեցինք, որ մարզաբազայի գույքն ամբողջությամբ հնարավորություն ունենք օգտագոդծել մարզումների համար։ Բայց հուլիսի սկզբին Ռուբեն Հայրապետյանը հանձնարարեց 24 ժամվա ընթացքում ազատել մարզադպրոցը, փակեց ֆուտբոլի դաշտերի մուտքը, երեխաների ու մարզիչների առաջ՝ հանդերձարանների դռները։ Փորձեցի անձնական զրույցներում երեխաների մարզումների համար մարզադաշտ վարձակալել, բայց այդպես էլ համաձայնության չեկանք պարոն Հայրապետյանի հետ։

Բացի այդ, կան մի քանի մարզադաշտեր, որոնք կառուցվելեն ՈՒԵՖԱ-ի ֆինանսավորմամբ եւ պատկանում են ֆեդերացիային. դրանք գտնվում են Ավան ակադեմիայում եւ որեւէ մեկի սեփականությունը չէ։ Բայց այդ մարզադաշտերի դռներն էլ մեր առջեւ փակվեցին Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությամբ՝ քանի դեռ ինքն այնտեղ է, «Փյունիկը» ոտք չի դնի Ավանի ակադեմիայի մարզաբազա։ Այժմ մենք չունենք մարզադաշտ մարզումներ անցկացնելու համար։ Սա մեր ամենացավոտ հարցն է։ Գաղտնիք չէ, որ ՀՖՖ-ում վաղուց իշխում են ոչ ֆուտբոլային օրենքներ»,- ասաց Արթուր Սողոմոնյանը։

Անդրադառնալով «Փյունիկ» ակումբի անվանափոխությանը, ակումբի նախագահը նշեց, որ պետք է մտածեն նոր անուն գտնելու մասին։ «Մենք վաղուց էինք ծրագրել «Փյունիկն» անվանափոխել «Երեւան», բայց շատ արագ ստեղծվեց նոր «Երեւան» ակումբ եւ ֆեդերացիան մեզ ծանուցեց, որ այդ անվանումն օգտագործել չենք կարող։ Այդպես էլ անհատկանալի մնաց այսքան հապճեպ նոր ակումբ հիմնելու եւ «Երեւան» կոչելու նպատակը որն էր, ֆեդերացիայի նման ագրեսիվ քաղաքականություն վարելու միտումը որն է։

Հայկական ֆուբոլը տխուր վիճակում է գտնվում, էլ չեմ խոսում առաջին լիգայի մասին, թե քանի ակումբներ են այս պահին մտածում լիգայից դուրս գալու մասին։ Բայց ես չեմ հուսահատվում. մենք ունենք լավ հիմք, սեր ֆուտբոլի հանդեպ, հրաշալի երեխաներ եւ մեծ ներուժ։ Անվան հետ կապված էլ, նոր անուն կմտածենք մեր ակումբի համար»,- նշեց Արթուր Սողոմոնյանը։

Հուլիսի 16-ին ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՖՖ-ից պահանջելով փոխել գործելաոճը, այլապես կբարձրացնի ՀՖՖ ղեկավարության հրաժարականի հարցը։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում