18:40  ,  16 հուլիսի, 2018

«Փյունիկի» սեփականատեր․ Որոշել ենք ստեղծել պրոֆեսիոնալ լիգա առանց ֆեդերացիայի մասնակցության

«Փյունիկը» մի քանի այլ ակումբների հետ նախաձեռնում է Հայաստանի պրոֆեսիոնալ լիգայի հիմնադրումը։ Այդ մասին հայտարարել է երեւանյան ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, որն այժմ ասուլիսում պատասխանում է լրագրողների հարցերին։

«Մենք որոշում ունենք ստեղծել ֆուտբոլային պրոֆեսիոնալ լիգա առանց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մասնակցության։ Արդեն ունեցել ենք խորհրդակցություն։ Մեծ ծախսեր չեն։ Տարեկան մոտ 250 հազար դոլար։ Շատ բարդ բան չէ։ Առավելագույն անկախություն պետք է ունենա ֆեդերացիայից, որը պետք է պատասխանատու լինի միայն հավաքականների եւ մարզաբազաների համար։

Ակումբները պետք է անկախ լինեն եւ ստեղծեն անկախ լիգան։ Հույս ունեմ, որ այս տարի առաջին քայլերը կանենք։ Լիգան հերթականությամբ կղեկավարեն ակումբների նախագահները՝ ռոտացիայի սկզբունքով։ Հիմնական սկզբունքը պետք է լինի թափանցիկությունը։

Մրցավարները կենթարկվեն ֆեդերացիային, բայց մենք կներկայացնենք մեր պահանջները։ Կան ՈւԵՖԱ-ի կանոններ, նրանց հատկացվում են գումարներ։ Մենք պահանջ կդնենք, որ այդ մրցավարները չեն սպասարկեն կարեւոր հանդիպումները։ Եկել է գործելու ժամանակը։ Կամ պետք է հեռանալ պրոֆեսիոնալ ֆուտբոլից, կամ պետք է ֆուտբոլը դարձնել պրոֆեսիոնալ։

Եթե լինի նախագահի ընտրություն, այլ թեկնածու, ես հաճույքով կաջակցեմ։

Առաջին կասնակածներս Ռուբեն Հայրապետյանի հետ համագործակցության վերաբերյալ հայտնվեցին, երբ ամեն անգամ չէին ցանկանում կնքել «Փյունիկի» մարզաբազայի վարձակալության պայմանագիրը»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։

«Փյունիկը» նաեւ կսկսի սեփական մարզաբազայի շինարարությունը։

Հուլիսի 16-ին ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ՀՖՖ-ից պահանջելով փոխել գործելաոճը, այլապես կբարձրացնի ՀՖՖ ղեկավարության հրաժարականի հարցը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում