15:04  ,  11 հուլիսի, 2018

Հաշմանդամություն ունեցող մարզիկների փառատոնի բացումը Ծաղկաձորում (ֆոտոշարք)

Հաշմանդամություն ունեցող անձանց փառատոնին ավելի մեծ թվով մասնակիցներ կարող էինք ունենալ, բայց ֆինանսի սղության պատճառով փառատոնին մասնակցում է շուրջ 125 մարզիկ։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ, Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրակամյանը։

Հայաատանում Պարալիմպիկ կոմիտեի նախաձեռնությամբ, Հայաստանի սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 11-ին Ծաղկաձորւմ մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 16-րդ փառատոնը։

«Այս տարին մեզ համար շատ կարեւոր էր. Պարալիմպիկ տարի էր։ Մեր մարզիկների հաջողությունն ու ներգրավվածությունը սպորտում արդեն ուրախացնող է, չնայած մեր բազմաթիվ խնդիրների։ Այսօր մեկնարկում է մեր թվով 16-րդ փառատոնը՝ նոր ձեւաչափով եւ նոր վայրում։ Մինչ այս մշտապես անցկացրել ենք «Կարմիր խաչ» վերականգնողական կենտրոնում։ Այս տարի վերանորոգման աշխատանքների պատճառով տեղափոխվեցինք Ծաղկաձոր։ Եթե ֆինանսական խնդիր չլիներ, ավելի մեծ թվով մասնակիցներ կունենայինք։ Մարզիկները կպայքարեն 7 մարզաձեւում։ Ունենք մասնակիցներ Երեւանից, Հայաստանի գրեթե բոլո8 մարզերից, Արցախից»,- ասաց Հակոբ Սերոբյանը։

«Փյունիկ» միության նախագահը շարունակում է դժգոհել Հայաստանում հաշմանդամական սայլակներից օգտվող անձանց համար ենթակառուցվածքի բացակայությունից եւ հույս հայտնւմ, որ նոր իշխանությունը նոր մոտեցում եւ համահակարգ կմշակի ոլորտի խնդրի համար։

«Մեր կոմիտեն, միությունը լինելով շատ ակտիվ միջազգային հարթակում, ունի լայն հնարավորություն տարբեր միջազգային, անգամ խոշոր մրցաշարեր հյուրընկալել Հայաստանում, անցկացնել այստեղ, բայց դաշտում այնքան խնդիրներ,  ինֆրաստրուկտուրաների պակաս ունենք, որ հնարավոր չէ այդքան մարզիկի տեղաշարժն ապահովել։ Չունենք համապատասխան ավտոբուսներ, հյուրանոցների թեքահարթակներ։ Ես արդեն հոգնել եմ այս խնդիրները բարձրաձայնել։ Կարծում եմ՝ նոր ղեկավարությունը տուգանային համակարգ պետք է մշակի, օրինակ՝ շրջի հյուրանոցներով եւ տուգանի նրանց, որոնք չունեն հապատասխան թեքահարթակներ»,- նշեց Հակոբ Աբրահամյանը։

Ծաղկաձորում Հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական 16-րդ փառատոնում մարզիկները կպայքարեն բասկետբոլ, շախմատ, սեղանի թենիս, լող, շոու-դաուն (սեղանի թենիս կույրերի համար), ծանրամարտ եւ բազկամարր մարզաձեւերում։

Փառատոնի մասնակիցները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին բացման արարողությանը։ Հաշմանդամություն ունեցող մարզիկների ոգեւորությունն ավելի աճեց, երբ տեսան շախմատի Հայաստանի առաջատար Լեւոն Արոնյանին։ Լեւոնը մոտեցավ մարզիկներին, զրուցեց, լուսանկարվեց նրանց հետ եւ խոստացավ հուլիսի 13-ին փառատոնի մրցանակաբաշխության օրը շախմատիստների մեդալներն անձամբ հանձնել։

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում