20:39  ,  10 հուլիսի, 2018

Ռոնալդուի հրաժեշտի նամակը «Ռեալին» եւ երկրպագուներին

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց նամակում հայտնել է Մադրիդի «Ռեալից» Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելու պատճառները։ Այն հրապարակվել է Արքայական ակումբի կայքում։

«Այս տարիները «Ռեալում» հնարավոր է՝ ամենաերջանիկն էին իմ կյանքում։ Երախտապարտ եմ ակումբին եւ քաղաքին։ Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլորին սիրո եւ կապվածության համար, որը ստացել եմ այստեղ։

Սակայն հավատում եմ, որ եկել է կարիերայի եւ կյանքի նոր փուլ սկսելու ժամանակը։ Այդ պատճառով էլ խնդրել եմ «Ռեալին» ընդունել տրանսֆերի առաջարկը։ Ես խնդրում եմ բոլորին, հատկապես, իմ երկրպագուներին հասկանալ ինձ։

Սրանք հրաշալի եւ բացառիկ 9 տարիներ էին ակումբում։ Հրաշալի, բայց բարդ ժամանակ էր, քանի որ «Ռեալում» պահանջները շատ բարձր են։ Գիտեմ, որ երբեք չեմ մոռանա, թե ինչպես եմ այստեղ վայելել ֆուտբոլը։

«Ռեալը» նվաճել է իմ եւ իմ ընտանիքի անդամների սրտերը։ Այդ պատճառով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, նախագահին, տնօրեններին, գործընկերներիս, բժիշկներին, ֆիզիոթերապեւտին, «Ռեալի» մյուս հրաշալի աշխատակիցներին։ Անսահման շնորհակալ եմ երկրպագուներին եւ իսպանական ֆուտբոլին։

Շատ եմ մտածել այս մասին։ Գիտեմ, որ եկել է նոր փուլի ժամանակը։ Ես հեռանում եմ, բայց այս խաղաշապիկը, «Ռեալի» խորհրդանիշը, «Սանտիագո Բերնաբեուն» միշտ կմնան հարազատ։ Շնորհակալություն բոլորին։ Ինչպես 9 տարի առաջ ասացի՝  Hala Madrid»,- գրել է Ռոնալդուն։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալ» էր տեղափոխվել 2009 թվականին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» 94 միլիոն եվրոյով։

9 տարում Ռոնալդուն դարձավ Արքայական ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն՝ 438 խաղում խփելով 451 գոլ։ Նա «Ռեալի» հետ նվաճել է 16 տիտղոս, այդ թվում Չեմպիոնների լիգայի չորս գավաթ՝ երեքն անընդմեջ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում