09:10  ,  29 հունիսի, 2018

Նարեկ Աբգարյան․ Ուժեղ մրցակցի հետ եմ վիճարկելու WBC International Silver գոտին

Ուժեղ մրցակցի հետ եմ վիճարկելու WBC International Silver գոտին ու գիտակցում եմ, որ հեշտ չի լինելու նրան հաղթելը, բայց չեմ էլ պատրաստվում պարտվողի հոգեբանությամբ դուրս գալ ռինգ: Համոզված եմ, որ հաղթելու եմ եւ վստահ եմ իմ ուժերի վրա:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ ռինգում Հայաստանը ներկայացնող Նարեկ Աբգարյանը (9 հաղթանակ, 6-ը նոկաուտով):

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներից Նարեկ Աբգարյանը հունիսի 29-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում իր 10-րդ մենամարտը: Մրցակիցը մեքսիկացի Խեսուս Գալիսիան է:  Հայ բռնցքամարտիկը ներկայացնում է մոսկովյան Punch Boxing Promotion-ը:

Նարեկ Աբգարյանը Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2008թ. պատանիների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 2012թ. Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների բրոնզե մեդալակիր, միջազգային մրցաշարերի հաղթող, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասնակից, Ռիո-2016-ի մասնակից: Պրոֆեսիոնալ ռինգում հանդես է գալիս 2016 թվականից:

Նարեկ, առաջին անգամ ես մենամարտելու չեմպիոնական գոտու համար: Ինչպե՞ս ես պատրաստվել եւ ի՞նչ տրամադրվածությամբ ես դուրս գալու իսպանական ռինգ:

Շատ լավ ու հաղթական եմ տրամադրված: Այս մենամարտին պատրաստվել եմ երկար: Իրականում, գոտու համար մարտը պետք է լիներ դեռ նախորդ մենամարտի ժամանակ, երբ Արամ Ավագյանը նվաճեց WBC International Silver գոտին իր քաշային կարգում: Բայց մրցակիցս գլխի վնասվածք ուներ եւ նրան արգելել էին մեկ ամիս ռինգ դուրս գալ: Այդ պատճառով մեկ ամիս հետաձգվեց: Մեկ ամիս ավել հնարավորություն ունեցա մարզվել, պատրաստվել եւ կարծում եմ ռինգում ամեն ինչ շատ լավ է լինելու:

Որքանո՞վ է կարեւոր քեզ համար այս մենամարտը: Գոտու համար մենամարի նախապատրաստական փուլն ինչ-որ առումով տարբերվե՞ց նախորդներից:

Զգացողություններս ու նախապատրաստական փուլը գրեթե նույնն է ինձ համար: Առանձնակի փոփոխություն, ավել ոգեւորություն չունեմ: Ամեն մի մենամարտ էլ կարեւոր է ինձ համար՝ լինի գոտու, թե ուղղակի վարկանիշային: Նույն ոգով, նույն ոգեւորությամբ, ուժով եմ նախապատրաստվում յուրաքանչյուր մենամարտիս, քանի որ եթե նույնիսկ դա վարկանիշային մենամարտ է, ապա գիտակցում եմ, որ այդ վարկանիշներն ինձ տանում են դեպի չեմպիոնական գոտին: Միակ տարբերությունն այն է, որ ավելի մեծ է պատասխանատվությունը, քանի որ գոտի կա: Այդ գոտին իր մասին ամեն ինչ ասում է եւ չեմպիոնական գոտու համար մենամարտ ասելով արդեն պատկերացնում ես, որ ամեն ինչ ավելի է լրջացել: Խոսքը թե մրցակցի մասին է, թե այն, որ դու իրական գոտու հավակնորդ ես:

Այս մենամարտի համար նոր մարտավարություն մշակե՞լ է մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Մարտավարությունս նույնն է մնացել: Մեր հաղթանակների գրավականը մեր մարզիչ Դավիթ Թորոսյանի հրահանգները լսելն է: Ամբողջ նախապատրաստական փուլում եւ պրոֆեսիոնալ ռինգում իմ առաջին քայլերից սկսած լսել եմ Դավիթ Թորոսյանի յուրաքանչյուր հրահանգ, խորհուրդ, ինչի արդյունքում այսօր ռինգ եմ դուրս գալու եւ պայքարելու գոտու համար:

Ի՞նչ կասես Խեսուս Գալիսիայի մասին:

Ուժեղ տղա է: Բարձր վարկանիշ ունի: Իր կարիերայի ընթացքում բավական ուժեղ բռնցքամարտիկների է հաղթել: Ձախլիկ է: Ուսումնասիրել ենք մրցակցիս մարզաոճը եւ, ըստ այդմ, պատրաստվել ենք նրա դեմ: Հեշտ չի լինելու. ես դա գիտակցում եմ: Բայց չեմ էլ պատրաստվում պարտվողի հոգեբանությամբ դուրս գալ ռինգ: Նրա տարած հաղթանակների քանակը, նրա ունեցած վարկանիշն ինձ համար ուղղակի թվեր են: Աշխարհում վարկանիշով 30-րդն է, թե 130-րդը, ինձ համար բացարձակ նշանակություն չունի եւ չի վախեցնում: Ես համոզված եմ, որ հաղթելու եմ եւ վստահ եմ իմ ուժերի վրա: Հունիսի 12-24-ը հավաք անցկացրեցի Երեւանի «Օլիմպավանում», ինձ շատ օգնեցին բռնցքամարտի Հայաստանի հավաքականի տղաները: Շատ շնորհակալ եմ բոլոր մեր բռնցքամարտիկներին, քանի որ նրանց շնորհիվ սփարինգ զուգընկերոջ խնդիր չեմ ունեցել պատրաստվելուս ընթացքում:

Կարճ ժամանակ է՝ ինչ պրոֆեսիոնալ ռինգում ես եւ արդեն պայքար չեմպիոնական գոտու համար: Սպասո՞ւմ էիր այսօրինակ արագ հաջողություն:

Չեմպիոնական մենամարտս սպասված էր: Այն ճիշտ ժամանակին նշանակվեց, քանի որ արդեն իմ քաշային կարգում վարկանիշով աշխարհի լավագույն 100-ի մեջ եմ մտնում՝ 87-րդն եմ: Խեսուս Գալիսիայի 30-րդն է: Սպասում էի, որ շուտով հնարավորություն կունենամ վարկանիշով բարձր բռնցքամարտիկի հետ մենամարտել, չեմպիոնական մենամարտ անցկացնել: Որքան բարձր վարկանիշով մրցակից ես ունենում, այնքան բարձրանում է քո վարկանիշը: Իսկ գոտու համար մենամարտի իրավունք ունենում է միայն այն բռնցքամարտիկն, ով ունի համապատասխան վարկանիշ:

Դու արդեն հասցրել ես պորֆեսիոնալ ռինգում մականուն ձեռք բերել՝ «Պարող մարդասպան» (Dancing killer): Քեզ դուր է գալի՞ս այդ մականունը:

Իրականում ոչ այնքան...(ծիծաղում է): Բայց եթե այդպես են կոչում, թող կոչեն: Խնդիր չեմ տեսնում: Մի օր մի մականուն պետք է լիներ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով