09:10  ,  27 հունիսի, 2018

Մարտին Բերբերյան․ Հայաստանի թիմում հաջողությունների պակասը պայմանավորված է սերնդափոխությամբ (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականում սերնդափոխություն է եղել եւ հաջողությունների պակասն, ըստ իս, պայմանավորված է դրանով. Մինչեւ աշխարհի առաջնությունը, հույս ունեմ, ամեն ինչ կկարգավորվի թիմում եւ մարզիկները կհարմարվեն միմյանց: 

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցումասաց ազատ ոճի ըմբշամարտի 2004թ. Եվրոպայի չեմպիոն, ամերիկաբնակ Մարտին Բերբերյանն, ով այս օրերին գտնվում է Հայաստանում:

Արդեն նախկին մարզիկ Մարտին Բերբերյանը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում:  Հայաստանի հավաքականի կազմում նա մասնակցել է երեք Օլիմպիական խաղերի` Սիդնեյ-2000, Աթենք-2004 եւ Պեկին-2008, դարձել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի արծաթե մրցանակակիր ու Եվրոպայի չեմպիոն: Մինչեւ 2004 թվականը հանդես է եկել 55 կգ քաշային կարգում, ապա՝ 60 կգ-ում:

Եվրոպայի նախկին չեմպիոնն ընտանիքի հետ է ժամանել Հայաստան՝ ամառային հանգիստը վայելելու եւ պատանիների հավաքականի հետ համատեղ մարզումների մասնակցելու: Ի դեպ, ազատ ոճի Հայաստանի պատանեկան հավաքականն այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն է անցնում Երեւանի «Օլիմպավանում»՝ հուլիսին Խորվաթիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնությանն ընդառաջ:

Մարտին Բերբերյանը Հայաստան է ժամանել ոչ միայն իր ընտանիքի, նաեւ ԱՄՆ-ում մարզվող հայ պատանի ազատ ոճի ըմբիշների հետ, ովքեր Եվրոպայի նախկին չեմպիոնի գլխավորությամբ մարզվում են Հայաստանի պատանեկան հավաքականի հետ:

«Փորձում եմ ամեն տարի ամռանը ընտանիքիս հետ գալ Հայաստան, որպեսզի երեխաներս մշտական կապ ունենան իրենց հայրենիքի հետ, խաղան այն նույն բակում, որտեղ ես եմ խաղացել: Ինձ հետ Հայաստան են ժամանել նաեւ ԱՄՆ-ի իմ սաները, որոնց հետ ամենօրյա մարզումներ ենք անցկացնում պատանեկան հավաքականի հետ: Առիթից օգտվելով աշխատում եմ նաեւ Հայաստանի հավաքականի հետ, օգնում նրանց նախապատրաստվել աշխարհի առաջնությանը: Ինձ շատ է դուր գալիս այն թիմը, որն այժմ ունենք պատանեկան հավաքականում: Համեմատելով ԱՄՆ-ում մարզվող պատանիների հետ, հայ երեխաների այս սերունդն ավելի ճկուն է, ճարպիկ, ավելի արագ են յուրացնում հնարքները եւ ավելի մեծ հնարավորություններ ունեն լավագույնները դառնալու հայկական ըմբշամարտում: Տարիներ շարունակ հայ ըմբիշները լավագույնն են եղել համաշխարհային ըմբշամարտում եւ ես հավատում եմ, որ նոր հաջողություններ եւ հաղթանակներ այս նոր սերունդը դեռ կգրանցի:

Մեծահասակների հավաքականի հետ աշխատելու հնարավորություն դեռեւս չեմ ունեցել, բայց արդեն հասցրել ենք հանդիպել Ծաղկաձորում: Մեծահասակների հավաքականում հաջողությունները մի փոքր պակասել են, բայց ես համարում եմ, որ դա պայմանավորված է սերնդափոխությամբ: Նոր կազմում ըմբիշները դեռեւս չեն հարմարվել միմյանց, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ մինչեւ մեծերի աշխարհի առաջնությունը դեռ բավական ժամանակ կա եւ մարզիչները կանեն հնարավորը մեդալներով աշխարհի առաջնությունից վերադառնալու համար: Ինձ Հայաստանի հավաքականներում մասնավորապես գրավում է մարզիչների աշխատանքը: Այս մի քանի օրերին անձամբ հետեւելով նրանց աշխատանքին, տեսնում եմ, որ հրաշալի աշխատանք են տանում, յուրահատուկ եւ անհատական մոտեցում ցուցաբերում ըմբիշների նկատմամբ: Այսպիսի աշխատանքից հետո արդյունքը վստահ սպասել չի տա»,- ասաց 38-ամյա Մարտին Բերբերյանը:

2004 թվականի Եվրոպայի չեմպիոնը պատանեկան հավաքականի մարզումից հետո ուժերը չափեց երիտասարդների հավաքականի 61 կգ քաշային կարգում պատանիների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանի հետ եւ հաղթեց:

Անդրադառնալով այս օրերին ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, Մարտին Բերբերյանը նշեց, որ մեծ ֆուտբոլասեր է, ամեն օր հետեւում է ֆուտբոլին, երկրպագում է Իսպանիայի հավաքականին եւ ցանկանում է, որ աշխարհի չեմպիոն դառնա Իսպանիան:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով