21:11  ,  22 հունիսի, 2018

«Ալաշկերտի» նորեկը «Դեբրեցենից»

Թիմի կազմը համալրել է սերբ կենտրոնական կիսապաշտպան Դանիլո Սեկուլիչը, որն «Ալաշկերտ» է տեղափոխվել հունգարական առաջատար ակումբներից «Դեբրեցենից»:

28-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Սերբիայի ուժեղագույն ակումբներից մեկում` «Վոյվոդինայում», խաղացել է նաև «Պրոլետերում», «Վոժդովացում», «Հայդուկում»: Սեկուլիչն ավելի քան 100 հանդիպում է անցկացրել Սերբիայի Սուպերլիգայում` դառնալով 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, հաղորդում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

2015/2016 մրցաշրջանում սերբ կիսապաշտպանը 8 հանդիպում է անցկացրել «Վոյվոդինայի» կազմում Եվրոպայի լիգայում` մասնակցելով նաև իտալական «Սամպդորիայի» և Պլզենի «Վիկտորիայի» դեմ խաղերին:

«Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել «Ալաշկերտի» բոլոր երկրպագուներին: Առաջին տպավորություններս շատ լավն են, քանի որ համալրել եմ Հայաստանի ուժեղագույն ակումբի կազմը:

Պետք է կրկին հաղթենք Հայաստանի առաջնությունում և հաջող հանդես գանք եվրոպական մրցասպարեզում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ալաշկերտի» ղեկավարությանը և մարզչական շտաբին` վստահության համար:

«Սելթիկը» մեծ ակումբ է: Բայց ես եկել եմ այստեղ պայքարելու ցանկացած մրցակցի հետ: Կներդնենք մեր բոլոր ուժերը` հաջողության հասնելու համար: Պայքարելու ենք հաջորդ փուլ դուրս գալու համար:

Շատ լավ ճանաչում եմ «Ալաշկերտում» հանդես եկող իմ հայրենակիցներ Ստոյկովիչին, Նենադովիչին, Զելկովիչին և Չանչարևիչին: Ժամանակին խաղացել եմ նրանց հետ սերբական ակումբներում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է սերբ կիսապաշտպանը:

Դանիլո Սեկուլիչը հունիսի 22-ին առաջին մարզումն է անցկացրել «Ալաշկերտ» մարզադաշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում