16:48  ,  20 հունիսի, 2018

Եվրոպայի լիգայի վիճակահություն․ Մեկնաբանում են «Բանանցի» եւ «Գանձասար-Կապանի» մարզիչները

«Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը եւ «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը մեկնաբանել են Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանության արդյունքները։

Հայաստանի փոխչեմպիոն «Բանանցը» կմրցի բոսնիական «Սարաեւոյի», բրոնզե մեդալակիր «Գանձասար-Կապանը»՝ լեհական «Լեխի» հետ։ «Փյունիկի» մրցակիցը մակեդոնական «Վարդարն» է, որի կազմում է խաղում Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։

Արամ Ոսկանյան («Բանանց»)․ «Երբ հայտնի դարձավ, թե որ թիմերն են «Բանանցի» պոտենցիալ հինգ մրցակիցները, պարզ էր, որ հեշտ մրցակից մեզ բաժին չի հասնելու:

Նույնը վերաբերում է նաև բոսնիական «Սարաևոյին»: Այս թիմի մասին շատ տեղեկություններ առայժմ չունեմ, բայց առջևում կա ժամանակ, որպեսզի ինչպես հարկն է պատրաստվենք հանդիպումներին:

Մեր թիմն ակտիվ նախապատրաստական փուլում է, ունենք լավ համալրումներ և համոզված եմ, որ մարտական տեսքով կներկայանանք խաղերին և ջանք չենք խնայի մեր թիմի երկրպագուներին և բոլոր հայ ֆուտբոլասերներին ուրախացնելու համար»։

Աշոտ Բարսեղյան («Գանձասար-Կապան»)․ «Մեզ իսկապես բավականին բարդ մրցակից է բաժին հասել։ Հնարավոր տարբերակներից «Լեխն» ամենազորեղն էր։ Մենք պետք է պատրատվենք ու խաղանք։ Ամեն ինչ պետք է անենք արժանապատիվ խաղ ցույց տալու համար։

Մեր մրցակիցը ծանոթ է բոլորին, Լեհաստանի ամենահեղինակավոր ակումբներից մեկն է, բայց չենք պատրաստվում հանձնվել։ Ինչ ունենք՝ ներդնելու ենք։ Մենք ամեն խաղում դուրս ենք գալիս մարզադաշտ՝ հաղթելու համար, անկախ նրանից, թե ով է մեր մրցակիցը։

Հիմա նախապատրաստական փուլում ենք գտնվում, բոլոր տղաները պետք է գիտակցեն, որ անհնարին ոչինչ չկա։ Հաղթողը դաշտում է երևում։ Մենք պետք է 
արժանապատիվ խաղ ցույց տանք»։

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 12-ին եւ 19-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով