19:43  ,  18 հունիսի, 2018

Ինչպես են նոր մրցաշրջանին պատրաստվում հայկական ակումբները  

Հայկական ակումբները շարունակում են պատրաստվել հաջորդ մրցաշրջանին։

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին, շարունակում է հավաքը Հանքավանում, որտեղ փորձաշրջան են անցնում թիմի պոտենցիալ նորեկները։ Երևանյան ակումբն արդեն ձեռք է բերել դարպասապահ Հենրի Ավագյանին և կիսապաշտպան Սարգիս Շահինյանին։

Առաջին ստուգողական խաղում «Ալաշկերտը» 3։1 հաշվով հաղթեց «Գանձասար-Կապանին»։ Հունիսի 23-ին նրանք կխաղան «Բանանցի» հետ։ Հունիսի 26-ից հուլիսի 4-ը Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը հավաք կանցկացնի Մինսկում, որտեղ 3 ստուգողական հանդիպում կանցկացնի ռուսական ակումբների հետ։

Փոխչեմպիոն «Բանանցը» շարունակում է մարզումները սեփական ակադեմիայում։ Պաշտոնապես հայտնի է դարձել, որ ակումբի հետ պայմանագիր են ստորագրել «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Սոլոմոն Իմե Ուդոն և Իգոր Ստանոևիչը, ինչպես նաև «Ալաշկերտի» նախկին պաշտպան Դմիտրի Խովբոշան։ Մինչև Եվրոպայի լիգայի որակավորման փուլի մեկնարկը «Բանանցը» կանցկացնի նաև արտասահմանյան հավաք։

Բրոնզե մեդալակիր «Գանձասար-Կապանը» շարունակում է հավաքը Բուլղարիայում, որտեղ ծրագրված է 3-4 ստուգողական հանդիպում։ Եվրոպայի լիգային պատրաստվող ակումբի կազմում մարզվում են «Արարատի» նախկին ֆուտբոլիստներ Գևորգ Օհանյանը և Դավիդ Մինասյանը։ Կապանյան ակումբը պայմանագիր է ստորագրել լիբանանցի պաշտպան Մոհամեդ Այկերի հետ։ Սպասվում է, որ Բուլղարիայում Աշոտ Բարսեղյանի թիմը կունենա նոր համալրումներ։

Եվրոպայի լիգային Երևանի «Փյունիկը» պատրաստվում է նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևի ղեկավարությամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս մասնագետի ցանկությամբ երևանյան ակումբի հետ պայմանագրեր են ստորագրել դարպասապահ Եվգենի Կոբոզևը, պաշտպան Մակսիմ Ժեստոկովը և հենակետային կիսապաշտպան Մակսիմ Տրուսևիչը։

«Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Դավիդ Մինասյանի և Գևորգ Օհանյանի հետ։ Գորան Օբրադովիչը և Գոռ Պողոսյանը հեռացել են ակումբից, քանի որ ավարտվել է նրանց պայմանագրի ժամկետը։

Հայաստանի նախորդ առաջնության հետնապահի կազմում ելույթները չեն շարունակի Անդրեյ Դրագովիչը, Ալան Պիրեսը և Օդաիլսոնը։ Իսկ պաշտպան Վարդան Արզոյանը և հարձակվող Անդրանիկ Քոչարյանը փորձաշրջան կանցնեն շվեյցարական «Ստադ Նյոնում»։

Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում վերսկսել է մարզումները Առաջին խմբի հաղթող «Լոռին»։ Առաջիկայում թիմում փորձաշրջան կանցնեն մի քանի արտասահմանցի ֆուտբոլիստներ։

Մարզումային գործընթացը վերսկսել է նաև «Արցախը», որը հաջորդ մրցաշրջանից խաղալու է Բարձրագույն խմբում։ Ակումբը մարզվում է Ձորաղբյուրում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմի կազմը համալրել են Հայաստանի հավաքականի նախկին պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը և Վահագն Մինասյանը։ «Արցախում» հանդես կգան նաև Գյոզալյան եղբայրները և Ժիրայր Մարգարյանը։

Մարզումներն է շարունակում Երևանի «Լոկոմոտիվը», որը նոր մրցաշրջանում խաղալու է վերանորոգվող նախկին «Միկա» ստադիոնում։

Դեռ նորություններ չկան Մոսկվայի «Արարատից» և Աբովյանի «Կոտայքից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով