16:54  ,  6 օգոստոսի, 2012

Լեւոն Ջուլֆալակյան. Արսենը գորգի վրա ցույց տվեց, որ ուժեղագույնն է

Զգացմունքներս խառնվել էին իրար. ուրախանում էի, որ օլիմպիական պատվո հարթակին իմ որդին է կանգնած, բայց ափսոսում, որ նա ամենաբարձր աստիճանին չէ, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն,  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը,  որդու՝ Արսեն Ջուլֆալակյանի օլիմպիական արծաթե մեդալի կապակցությամբ։

Հիշեցնենք, որ 74 կգ քաշայինների եզրափակիչում Արսեն Ջուլֆալակյանը պարտվեց ռուսաստանցի աշխարհի չեմպիոն Ռոման Վլասովին։

Պարոն Ջուլֆալակյան, շնորհավորում եմ Արսենի՝ օլիմպիական փոխչեմպիոն դառնալու կապակցությամբ: Ի՞նչ տպավորություններ ունեք եզրափակիչից:

Շնորհակալություն շնորհավորանքի համար: Տպավորություններս փոփոխական են՝ եւ տխուր եմ, եւ ուրախ: Իհարկե, տխուր եմ, որ ոսկին մեզ չհասավ, բայց ուրախ եմ, որ իմ որդին Հայաստանին նվիրեց արծաթե մեդալ: Եղածը եղած է: Ոչինչ չենք կարող փոխել: Պետք է համակերպվենք, որ ոսկին չի եղել: Պետք է շարունակենք աշխատել, որ արծաթը փոխարինվի ոսկիով:

Մեդալը մնում է մեդալ: Ուրախալի է, գովելի է շատ: Պարզ է, որ այժմ մեզ տխրությունը կպատի, պարզ է նաեւ որ մեզնից շատ բոլորն էին ցանկանում, որ ոսկին նվաճեինք: Կպայքարենք ոսկու համար եւ դրա ետեւից կգնանք մյուս Օլիմպիական խաղերին:

Պարոն Ջուլֆալակյան, գոտեմարտի ո՞ր հատվածում Արսենը բաց թողեց ոսկին նվաճելու հնարավորությունը:

Նա ամեն ինչ արեց կատարյալ, ինչպես հարկն է: Նա գորգի վրա ցույց տվեց, որ ուժեղագույնն է: Նա հրաշալի մարտ վարեց՝ խելացի, նախապես որոշված քայլերով: Ես որպես մարզիչ նրա գոտեմարտում սխալ չեմ տեսնում: Նա ոչ մի րոպե չվարանեց:

Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Արսենի գլորում հնարքի դիրքի փոփոխությունը գոտեմարտի ժամանակ: Որպես մարզիչ, նրա քայլը ճի՞շտ եք համարում:

Այո, դա նախապես ծրագրված քայլ էր: Մենք այդ հնարքը վաղուց էինք նախատեսել: Քանի որ Ռոման Վլասովը լիարժեք ծանոթ էր Արսենի հնարքներին եւ գիտեր, որ Արսենի մոտ շատ հաջող են ստացվում գլորումները, մենք նախապես որոշել էինք, գլորում հնարքի ժամանակ անակնկալի բերել Ռոմանին եւ անակնկալ անել նաեւ հանդիսատեսին: Մենք եւս գիտեինք ռուս ըմբիշի հնարավորությունները եւ այն, որ նրան ներքեւի դիրքից գլորում կատարելը շատ բարդ կլինի: Արսենը մեկ տարուց ավելի մարզվել էր այդ հնարքի վրա, ուղղակի հանրության համար չէինք բացել փակագծերը: Արսենը հրաշալի կատարեց հնարքը, պինդ գրկեց Ռոմանի մարմինը, ուղղակի Վլասովը կարողացավ հաջողությամբ դուրս գալ:

Արսենի բոլոր մրցակիցները զգուշանում էին նրանից։ Այնպես որ Արսենը ուժեղագույնն էր այս գոտեմարտում: Ես ոչ մեկի հաղթանակը չեմ ցանկանում թերագնահատել, ուղղակի Արսենն իսկապես հրաշալի մարտ վարեց: Ոչ մի սխալ  չեմ առանձնացնի: Ամեն ինչ շատ լավ էր: Արսեն արժանի էր ոսկե մեդալի։ Բայց կածում եմ, որ ոսկու համար նա դեռ բոլորիս կուրախացնի:

Որպես հայր ի՞նչ զգացողություն ունեցաք, երբ ձեր որդին բարձրացավ օլիմպիական պատվո հարթակին որպես մեդալակիր:

Բնական է՝ ցանկացած ծնող իր զավակով հպարտանում է: Ես իմ զավակներով միշտ հպարտացել եմ, բայց ոչ միայն նրա համար, որ նրանք լավ մարզիկներն են։ Նրանք ճիշտ ուղի են բռնել կյանքում: Հպարտանում եմ նաեւ, որ իմ զավակները կարողանում են սպորտային նվաճումներով ուրախացնել մեր ազգին: Ցանկացած ազգ պարծենում է իր չեմպիոններով, իր սպորտով: Եվ ես որպես հայր չեմ կարող չպարծենալ, որ մեր ազգի հպարտության շարժառիթներ ստեղծում են նաեւ իմ որդիները: Ես երազում էի, որ իմ որդին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգներ: Բայց, ամեն դեպքում երկրորդ աստիճանն էլ պատվաբեր է:

Արսենի աչքերին արցունքներ կային: Դուք հասկանում էիք՝ ի՞նչ էր նրա հետ այդ պահին կատարվում:

Անշուշտ հասկանում էի։ Արսենն արդեն 15 տարի զբաղվում է ըմբշամարտով եւ իր մարզումների առաջին օրվանից Արսենի երազանքն է եղել դառնալ օլիմպիական չեմպիոն: Ես հասկացա՝ ինչից էր նա հուզվել։ Նա չէր կարողանում համակերպվել, որ այդքան մոտ էր հաղթանակին եւ ձեռքից բաց թողեց ոսկե մեդալը: Նա բնավորությամբ պարտություն չսիրող է, եւ նրա արցունքները պարտվելու հետ չհամակերպվելու պատճառով էին: Նույնիսկ, հասկացա, թե ինչ էր այդ պահին նա խոսում ինքն իր հետ:

Դուք էլ էիք հուզվել։ Տխրությա՞ն, թե՞ ուրախության արցունքներ էին:

Զգացմունքներս խառնվել էին իրար: Ես ինքս էլ չէի հասկանում: Տեսնում էի որդուս այդ հարթակին կանգնած, փոխչեմպիոնի կոչումով, արծաթե մեդալով, ուրախություն էր ինձ համակում: Միայն այն ժամանակ ափսոսանք զգացի, երբ նկատեցի, թե ինչպես Արսենը չկարողացավ թաքցնել արցունքները Ռուսաստանի հիմնի ժամանակ։

Պարոն Ջուլֆալակյան, Ձեր անհանգստությունը որպես հա՞յր էր, թե՞ մարզիչ:

Սպորտում ես նրա համար առաջին հերթին մարզիչ եմ։ Բոլոր մարզիկների համար էլ ես նախ եւ առաջ անհանգստանում եմ որպես մարզիչ: Կապ չունի՝ իմ առջեւ իմ որդին է կանգնած, թե իմ սաներից մեկ ուրիշը: Բնական է, որ հայրական զգացումը, հոգեբանական պահը, էմոցիաները ինչ-որ տեղ զգացվում են, բայց ամեն դեպքում ես ձգտում եմ մրցումների ժամանակ կամ մարզադահլիճում ցույց չտալ եւ ամեն մարզիկի, այդ թվում եւ իմ որդիներին մոտենալ առաջին հերթին որպես մարզիկ: Հույզերս աշխատում եմ թողնել հետին պլանում:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով