18:07  ,  13 հունիսի, 2018

Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀԸՖ-ի նախագահ

Ռոբերտ Խաչատրյանն ընտրվել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ։

ՀԸՖ նախագահության նիստը վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկելով ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը՝ Հ. Ռոստոմյանն ասել է. «Պարոն Խաչատրյանին բոլոր ներկաները ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին և կազմակերպչական կարողություններին: Պարոն Խաչատրյանն իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին, և, վստահ եմ ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»: Նա նաև ավելացրել է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:

Միաձայն քվեարկությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձևավորված միասնական և համերաշխ աշխատելու մթնոլորտը, փոխանցում է msy-ը: 

Ռոբերտ Խաչատրյանը ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի չեմպիոն, մեծահասակների և երիտասարդների հավաքականների մարզիչ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում