11:23  ,  13 հունիսի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Հավատում էի, որ մենք ազատվելու ենք որակազրկումից

Ես հավատում էի, որ մենք ազատվելու ենք որակազրկումից, սա հաջողություն էր: Ինձ հետ հավատում էր նաեւ ամբողջ թիմը: Օգոստոսից մենք կարող ենք մասնակցել միջազգային մրցաշարերի եւ կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը: Միակ չլուծված հարցը մնում է Հռիփսիմե Խուրշուդյանինը, դեռեւս նրա մասով միջազգային ֆեդերացիան որոշում չի կայացրել եւ չի կասեցրել նրա երկու տարվա որակազրկումը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականին սեպտեմբերի 30-ին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) Բուխարեստում տեղի ունեցած նիստում որոշել էր դոպինգային խախտումների համար որակազրկել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի հավաքականին: 

Պարոն Ալավերդյան, շնորհավորում եմ որակազրկումից ազատվելու կապակցությամբ: Ինչպե՞ս ստացվեց, ի՞նչ պայմաններից ելնելով Հայաստանին ազատեցին որակազրկումից, քանի որ Սոնա Պողոսյանի դեպքերով պայմանավորված մտավախություն ունեիք, որ որակազրկումը կերկարաձգեն:

Հունիսի 7-ին Ռումինիայում միջազգային ֆեդերացիան ուներ մոնիտորինգային նիստ, որտեղ քննարկվում էին բոլոր այն պետությունների հարցերը, որոնք 1 տարով որակազրկված են եղել՝ նախկինում դոպինգ օգտագործելու համար: Նիստի ընթացքում ուսումնասիրվում էր, թե ովքեր, որ երկրներն են կատարել միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված պահանջներն ըստ պայմանագրի: Բազմիցս նշել էի, որ մենք պայմանագիր ենք կնքել, ըստ որի պարտավորվում էինք կատարել մի շարք կետեր, որպեսզի հնարավորություն ստանայինք կրճատել որակազրկումը: Այդ կետերի մեջ մտնում էր մուծել տուգանք՝ 50 հազար եվրոն, հավաքականների ցուցակների ներկայացում, մարզիկներից պարբերաբար, առանց զգուշացնելու դոպինգ թեստերի անցկացում եւ այլն: Մեր պայմանագրի մեջ նշված էր, որ այն երկրները, որոնք անխտիր կկատարեին այս առաջադրանքներ, գուցե նրանց որակազրկման ժամկետները վերանայվեն, կրճատվեն,  նույնսիկ մինչեւ 8 եւ 10 ամիս: 8 ամիս պատանիների համար եւ 10 ամիս մեծահասակների: Պատանիների համար 8-ամյսա ժամկետը սահմանել էին Արգենտինայում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերին մասնակցելու հնարավորություն տալու համար:

Օգոստոսից մեր բոլոր տարիքային խմբերի հավաքականներն ազատ են եւ կարող են մասնակցել միջազգային մրցաշարերին, քանի որ կատարել ենք բոլոր պայմանները: Իսկ պատանիներն ազատ են արդեն հուլիսից:

Մեր առջեւ խնդիր է դրված եղել այսքան անգամ դոպինգ թեստեր հանձնել, մարզչական խորհուրդներ անցկացնել, Հայաստանի ֆեդերացիան մի քանի անգամ պետք է մասնակցեր միջազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպվող սեմինարներին եւ նման պահանջներ: Մեր կողմից ամեն ինչ արված է:

Որակազրկումից ազատվելու մասին որոշումը Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից գրությա՞մբ է ստացել:

Հայաստանի ֆեդերացիան արդեն պաշտոնապես ստացել է այդ նամակը, որտեղ նշված է, որ մենք ազատված ենք որակազրկումից, այդ պատճառով արդեն ազատ կարող եմ հայտարարել դրա մասին: Այս նամակը ստացել եմ հունիսի 11-ին կեսգիշերն անց: Ծաղկաձորում հավաքի էինք, վերադարձա Երեւան, ավելի մանրամասն կարդացի եւ լիարժեք համոզվեցի, որ դա մեր որակազրկումից դուրս գալու պաշտոնական գրությունն է:

Նշվում էր, որ Հայաստանի հավաքականների որակազրկումից ազատվելու հետ 2 տարվա որակազրկումից կազատվի նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը: Ինչպե՞ս լուծվեց նրա հարցը:

Հռիփսիմե Խուրշուդյանի հարցը ծանրացել է: Միջազգային ֆեդերացիան, չգիտեմ ինչու եւ ինչպես, որոշում կայացրեց նրա 2 տարվա որակազրկումը դարձնել 4 տարի: Հիմա դա դեռ քննարկման փուլում է: Մենք կփորձնեք ամեն ինչ անել, որ այդ որոշումը չհաստատվի: Հուլիսի 6-ին Ուզբեկստանում մասնակցելու եմ միջազգային ֆեդերացիայի կոնգրեսին, որտեղ որոշվելու են Օլիմպիական խաղերի եւ աշխարհի առաջնությունների քաշային կարգերը: Այդ օրը ես ելույթով հանդես կգամ եւ կդիմեմ Հռիփսիմե Խուրշուդյանի հարցը վերանայելու խնդրանքով:

Հռիփսիմեի որակազրկումը եւս երկու տարով երկարաձգելու հարցը պայմանավորված է նրանով, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը հարց է առաջ քաշել, թե ով ինչ դեղամիջոցներով է բռնվել եւ, ըստ այդմ, վերանայել օլիմպիական մեդալակիրների որակազրկման հարցը: Ինչ-որ բան կփորձենք անել, որպեսզի մեր մարզուհուն անտերության չմատնենք:

Ինչի՞ն կպատրաստվեն մեր հավաքականները:

Մենք չնայած շարունակում էինք մարզումները, բայց այս պահից սկսած արդեն գիտենք, թե որ մրցաշարերին ենք նախապատրաստվելու է: Այսպես՝պատանիները հուլիսին կմասնակցեն Իտալիայում կայանալիք Եվրոպայի պատանիների առաջնությանը, որը վարկանիշային է պատանեկան Օլիմպիական խաղերի համար։ Երիտասարդները՝ կնախապատրաստվեն հոկտեմբերի 20-27-ը Լեհաստանում կայանալիք Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությանը: Դրանից անմիջապես հետո մեծահասակները կմասնակցեն նոյեմբերին Աշգաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս աշխարհի առաջնությունը մեզ համար կրկնակի կարեւոր է, քանի որ այն արդեն օլիմպիական վարկանիշային է լինելու:

Կանանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ու երկրորդ մարզիչ Արման Ղազարյանն ազատվեցին պաշտոնից: Ի՞նչ ընթացքում է կանանց թիմի նոր մարզիչներ նշանակելու հարցը:

Ըստ միջազգային կանոնակարգի մեր համաձայնագրում նշված էր նաեւ հավաքականների մարզիչների հետ կապված հարցը, թե ինչ որոշում է կայացվելու կանանց հավաքականի մարզիչների վերաբերյալ՝ պայմանավորված Սոնա Պողոսյանի հետ դեպքով: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի հետ որոշում ենք կայացրել կատարել միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն պահանջը. այն է՝ մարզիչներին ենթարկել տույժի՝ ժամանակավորապես հեռացնելով հավաքականի ավագ եւ երկրորդ մարզչի պաշտոններից:

Իսկ ո՞վ կփոխարինի նրանց:

Այս պահին իմ կողմից առաջարկված է Վիգեն Խաչատրյանը: Նա նշանակված է այժմ պատանիների աղջիկների հավաքականի մարզիչ: Նրա առջեւ խնդիր է դրված աշխատել աղջիկների հետ, որպեսզի թիմին պատրաստի առաջիկայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, որպեսզի գրավենք պատանեկան Օլիմպիական խաղերում տեղեր չունեցող երկրների համար տրված 1-4-րդ տեղերից մեկը: Այն երկրները, որոնք չունենք աշխարհի առաջնությունից նվաճած վարկանիշ, Եվրոպայի առաջնությունը հնարավորություն է տալիս խաղարկել եւս 4 տեղ՝ յուրաքանչյուր երկրին 1 տեղ:

Վիգեն Խաչատրյանը նախկինում իմ օգնականն էր, մեծերի հավաքականի երկրորդ մարզիչը, բայց այժմ նա կզբազվի աղջիկներով, քանի որ այս շրջանում մեծահասակներն այդքան լարված շրջան չունեն: Ես առայժմ կարող եմ միայնակ ղեկավարել մարզումային գործընթացները: Հետագայում արդեն տեսնենք, թե ինչ արդյունքներ կգրանցի Վիգեն Խաչատրյանը եւ ըստ այդմ կորոշենք կանանց հավաքականի ավագ մարզիչի պաշտոնում նշանակում կատարելու մասին:

Խնդիրներ շատ ունենք, դեռ պետք է շատ աշխատենք, հասկանանք՝ ինչպես ենք մեր առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու: Այս հաջողությունը, իսկ ես որակազրկումից ազատվելւ հաջողություն եմ համարում, դեռ չի նշանակում, որ պետք է ձեռքներս բարձրացնենք եւ հանգստանանք: Մենք այդ ֆեդերացիան չենք, որ այդքան շուտ հանձնվենք:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս