09:50  ,  12 հունիսի, 2018

Մխիթարյան. Ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը եւ ընդհանրապես չլարվել

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում պատմել է պատանեկան տարիների եւ Հայաստանից հեռանալու մասին:

«Մանկուց շատ եմ մարզվել: Այդ պատճառով ընկերներս կշտամբում էին ինձ, որ քիչ եմ հանդիպում նրանց հետ, չեմ հետաքրքրվում նրանց կյանքով: Բարդ էր նրանց բացատրել, որ իմ կյանքը ֆուտբոլն է: Միայն վերջերս ընկերներս ընդունեցին, որ ես ճիշտ էի: Այժմ հպարտանում են ինձնով:

Հավանաբար, ես էլ կարող էի մնալ Հայաստանում, վաստակել իմ մի քանի դոլարը, ապրել սովորական միջավայրում, ընտանիքի, բարեկամների հետ, ընհանրապես չլարվել, չթափառել մի երկրից մյուսը: Բայց ամեն մարդ պետք է երազանք ունենա, նպատակ, որին պետք է ձգտել: Ֆուտբոլը բացառություն չէ: Եթե դու աշխատում ես, ձգտում ես լինել լավագույններից, փողը քեզնից չի փախնի: Ես երբեք չեմ խաղացել վաստակելու համար: Թեեւ երբ «Շախտյորում» էի, ինձ հսկայական գումար էին առաջարկում Ռուսաստան տեղափոխվելու համար: Ես հրաժարվեցի, ասացի, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, եւ փողը չէ գլխավորը:

Կարծում եմ՝ միշտ եմ այսպես մտածել, 7 տարեկանից, երբ սկսեցի մարզվել: Միշտ երազանք եմ ունեցել խաղալ առաջատար ակումբում: Ինձ շատերն էին ասում, որ ես փոքրամարմին եմ, այնքան էլ լավ ֆիզիկական տվյալներ չունեմ:

Հաճույքով կհետեւի աշխարհի առաջնության եզրափակիչին տրիբունայից, բայց օրացույցը թույլ չի տալիս: «Արսենալը» Սինգապուրում մարզումային հավաք ունի, ես պետք է լինեմ թիմի հետ»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է rsport.ria.ru-ն:

Հայաստանի հավաքականի ավագը ԱԱ-2018-ից առաջ Մոսկվայում նաև ինքնագրեր է բաժանել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում