09:12  ,  6 հունիսի, 2018

Արթուր Դանիելյան. Հարություն Վարդանյանի հետ աշխատանքը մեծ փորձ է ինձ համար (ֆոտո)

Կենտրոնական պաշտպան Արթուր Դանիելյանը որոշել է լքել ուկրաինական «Ստալը»: Ավարտված մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստը 16 հանդիպման է մասնակցել Ուկրաինայի Բարձրագույն խմբի առաջնությունում` դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Այս օրերին Դանիելյանը Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը: NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է ֆուտբոլիստի հետ:

Արթուր, Ուկրաինայի ավարտված առաջնությունում 16 հանդիպում ես անցկացրել «Ստալի» կազմում: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ խաղում էիր մեկնարկային կազմում, իսկ Նիկոլայ Կոստովի օրոք հաշված հանդիպումների ես մասնակցել:

Այո, խաղերի մեծ մասն անցկացրել եմ մրցաշրջանի առաջին կեսում, երբ թիմը գլխավորում էր Եղիշե Մելիքյանը: Այդ ժամանակ շատ լավ մարզավիճակում էի գտնվում: Կոստովի օրոք ընդամենը 3 խաղի մասնակցեցի: Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը: Կարծում եմ` ես նրա ծրագրերի մեջ չէի մտնում:

Ի՞նչ ծրագրեր ունես «Ստալի» հետ կապված: Մնալո՞ւ ես թիմում:

Ոչ, չեմ մնալու: Արդեն 3 տարբերակ կա: Այնպես որ, այս ամառ ես նոր թիմ կունենամ:

«Ստալում» հանդես էիր գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանի հետ:

Այո, մենք շատ մտերիմ ենք, միասին շատ ենք ժամանակ անցկացնում: Գոռն ասես իմ հարազատ եղբայրը լինի:

Այս օրերին Արևմտյան Հայաստանի հավաքականի կազմում մասնակցում էիր չճանաչված երկրների աշխարհի առաջնությանը: Ի՞նչ կասես թիմի և մրցաշարի մասին:

Արևմտյան Հայաստանի հավաքականը լավ թիմ է, հիանալի մթնոլորտ է տիրում: Խմբային փուլում շատ լավ ֆուտբոլ ցուցադրեցինք, կարողացանք իրագործել մարզիչների ցուցումները և զբաղեցրինք առաջին տեղը: Ցավոք, քառորդ եզրափակիչում կարմիր քարտը խառնեց մեր խաղաքարտերը: Չճանաչված երկրների աշխարհի առաջնությունը բավականին որակյալ մրցաշար է: Կան լավ թիմեր և ֆուտբոլիստներ:

Դու խաղում ես պաշտպանությունում, իսկ Արևմտյան Հայաստանի հավաքականը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Հարություն Վարդանյանը: Ի՞նչ է քեզ տալիս նրա հետ աշխատելու փորձը:

Հարություն Վարդանյանի հետ համատեղ աշխատանքը շատ բան է տալիս ինձ: Նա ինձ մշտապես հուշում է, խորհուրդներ է տալիս խաղադաշտում տեղաշարժվելու, դիրքի ընտրության հարցում:

Ժամանակին դու հանդես ես եկել Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականներում: Արդյո՞ք ցանկություն և նպատակ ունես համալրելու ազգային հավաքականի կազմը:

Խորհրդակցելով հորս հետ, որոշել ենք, որ Հայաստանի ազգային հավաքականին կկարողանամ միանալ այն ժամանակ, երբ մշտական խաղային պրակտիկա կունենամ որևէ ակումբում: Միգուցե դրան կնպաստի նաև ակումբի փոփոխությունը: Ազգային հավաքականը ներկայացնելը մեծ պատիվ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով