22:41  ,  2 հունիսի, 2018

Norway Chess. Լեւոն Արոնյանը 1 միավոր հետ է միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենից

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Altibox Norway Chess սուպերմրցաշարի 5-րդ տուրից հետո միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն, համաշխարհային դասակարգման առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը սպիտակներով ոչ ոքի խաղաց աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Կարլսենը վաստակել է 3.5 միավոր եւ միանձնյա առաջատարն է:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5-րդ տուրում սևերով խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ 25-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: 

Լեւոն Արոնյանը վասկատել է 2.5 միավոր եւ բաժանում է 2-5-րդ տեղերը Անանդի, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի, ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Նախորդ 4 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին:

Հունիսի 3-ին կայանալիք 6-րդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:

Norway Chess, 5-րդ տուր

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 1:0

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Դին Լիրեն (Չինաստան) պարտիան տեղի չի ունեցել չինացի շախմատիստի վատառողջ լինելու եւ պայքարից դուրս գալու պատճառով: Առաջին երեք տուրերում Դին Լիրենի հետ պարտիաներ անցկացրած շախմատիստների վաստակած միավորները կհանվեն հաշվարկից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում