17:50  ,  1 հունիսի, 2018

Մաուրիսիո Պոչետինո․ Երբ զանգում են «Ռեալից», ապա չլսել չի կարելի  

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է այն տեղեկության մասին, ըստ որի նա կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»։

«Երբ զանգում են «Ռեալից», ապա չլսել չի կարելի։ Սակայն այս պարագայում ամեն ինչ չէ, որ ինձնից է կախված։ Վերջերս եմ երկարաժամկետ պայմանագիր ստորագրել «Տոտենհեմի» հետ։ Ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս։ Բոլորս առաջխաղացում ենք գրանցում միասին։ «Ռեալից» ինձ հետ չեն կապվել»,- արգենտինացի մասնագետի խոսքն է փոխանցում El Confidencial-ը։

Զինեդին Զիդանը մայիսի 31–ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել էր Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալու մասին։

Ֆրանսիացի մասնագետն Արքայական ակումբը գլխավորել էր 2016թ. հունվարին։ Այս ընթացքում նրա ղեկավարությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը, դարձավ Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր եւ աշխարհի կրկնակի ակումբային չեմպիոն։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով