09:15  ,  28 մայիսի, 2018

Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային թիմը երկրորդն է միջազգային մրցաշարում, NEWS.am Sport-ի խմբագիրը՝ լավագույն ռմբարկու (ֆոտո)

Լրագրողների Հայաստանի ֆուտբոլային հավաքականը երկրորդ տեղը գրավեց Երեւանում երկրորդ տարին անընդմեջ անցկացված լրագրողների միջազգային մրցաշարում, որին մասնակցեցին 8 թիմեր:

Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում անցկացած մրցաշարում հանդես եկան Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի լրագրողական թիմերը, իսկ Հայաստանը ներկայացնում էին լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:

Լրագրողների Հայաստանի հավաքականը 7 խաղում տարավ 5 հաղթանակ, կրեց 2 պարտություն եւ 15 միավորով գրավեց երկրորդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Բելառուսի թիմը, որը հավաքեց 16 միավոր: Երրորդ տեղը զբաղեցրին Ուկրաինայի լրագրողները, որոնք եւս վաստակեցին 15 միավոր, սակայն իրար միջեւ խաղի ցուցանիշով զիջեցին հայկական թիմին: Լրագրողների Հայաստանի հավաքականը հաղթեց Ռուսաստանին (4:1), Ուկրաինային (2:0), Լատվիային (3:0), Գյումրիի թիմին (4:1) ու Վրաստանին (2:1), ինչպես նաեւ պարտվեց Լիտվային (0:1) եւ Բելառուսին (2:3):

Մրցաշարի լավագույն ռմբարկու ճանաչվեց NEWS.am Sport-ի խմբագիր Դավիթ Եղիազարյանը, որը խփեց 11 գոլ: Հայաստանի լրագրողների թիմի մարզիչն է մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը, իսկ ավագը՝ Դավիթ Ալավերդյանը։ 

Հանդիպումներն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում՝ զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը մրցեցին իրար հետ: Հանդիպման տեւողությունը 15 րոպե էր՝ յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջումով: Խաղերը սպասարկեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։

Մրցաշարի բացման արարողությանը ներկա էր նաեւ Հայաստանի սպորտի ու երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար Լեւոն Վահրադյանը:

Մրցաշարից հետո բոլոր թիմերը միասին մասնակցեցին ավանդական ճաշկերույթի ու փոխանակվեցին նվերներով, իսկ հաջորդ օրը մեկնեցին նաեւ Սեւանա լիճ: Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ մրցաշարի մասնակիցները հիացած էին հայկական հյուրընկալությամբ ու հյարասիրությամբ, ինչպես նաեւ շատ գոհ էին միջոցառման կազմակերպվածությունից: Արտասահմանցի լրագրողները նշում էին, որ վայելեցին Հայաստանում անցկացրած մի քանի անմոռանալի օրերն ու հույս հայտնեցին, որ հաջորդ տարի եւս Երեւանում կանցկացվի այս մրցաշարը:

Միջոցառման կազմակերպիչն էր Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան: Գլխավոր հովանավորն է «ՎՏԲ Հայաստան բանկը», աջակիցներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ Gold's Gym ֆիթնես ակումբը, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 10-ամյակը:

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղն էր գրավել Երեւանում տեղի ունեցած մրցաշարում, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել էր Վրաստանի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում