14:51  ,  27 մայիսի, 2018

ԱԱ-2018. «Ռոստով Արենան»՝ NEWS.am Sport-ի դիտակետից

Հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ Արևելյան Եվրոպայում առաջին անգամ: Հանդիպումները կընդունեն Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կազանի, Սոչիի, Նիժնի Նովգորոդի, Սամարայի, Ռոստովի, Եկատերինբուրգի, Կալինինգրադի, Վոլգոգրադի եւ Սարանսկի 12 ստադիոններ: 

NEWS.am Sport-ի թղթակիցն այս օրերին գտնվում էր Ռոստովում եւ այցելել է «Ռոստով Արենա» ստադիոնը, որը կընդունի աշխարհի առաջնության խաղերը: Ստադիոնը Դոն գետի ձախ ափին է: Կառուցվել է 2018թ. աշխարհի առաջնության համար: Շինարարությունը մեկնարկել էր 2012 թվականին եւ ավարտվել այս տարի:

«Ռոստով Արենան» նախատեսված է 38 հազար երկրպագուների համար, սակայն աշխարհի առաջնության օրերին կընդունի մինչեւ 45 հազար հանդիսատես: Այն բազմաֆունկցիոնալ համալիր է եւ հետագայում դառնալու է քաղաքի ձախափնյա հատվածի առանձնահատուկ նշանակության կառույցներից: «Ռոստով Արենան» կլինի «Ռոստով» ֆուտբոլային ակումբի ստադիոնը:

Ռոստովը կընդունի Աշխարհի առաջնության խմբային փուլի 4 հանդիպում. Բրազիլիա - Շվեցարիա (E խումբ), Ուրուգվայ - Սաուդյան Արաբիա (A խումբ), Հարավային Կորեա - Մեքսիկա (F խումբ) եւ Իսլանդիա - Խորվաթիա (D խումբ), նաեւ 1/8 եզրափակիչի մեկ խաղ, որտեղ կհանդիպեն G եւ H խմբերի հաղթողները:

«Ռոստով Արենան» դեռեւս լիարժեք պատրաստ չէ: Այստեղ դեռ շարունակվում են շինաշխատանքները:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում