14:46  ,  26 մայիսի, 2018

Դավիթ Թորոսյան. Պրոֆեսիոնալ բռնցքամարտը բիզնես է, մարզիկները շատ լավ են վարձատրվում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Հայաստանը նվաճեց իր առաջին չեմպիոնական գոտին. Արամ Ավագյանի՝ WBC վարկածով International silver գոտին, քանի որ շատ տիտոսակիր բռնցքամարտիկներ ունենք, ովքեր հայ են, բայց Հայաստանը չեն ներկայացրել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, ով նաեւ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայ բռնցքամարտիկների մարզիչն է:

Դավիթ Թորոսյանը պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող հայ մարզիկների եւ թիմի հետ գտնվում է Մոկսվայում, որտեղ մայիսի 26-ին Մոսկվայի «Լոկոմոտիվ» արենայում տեղի կունենա Գոռ Երիցյանի հերթական մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Մայիսի 25-ին կայացավ մարզիկների կշռման արարողությունը, որին հետեւեց նաեւ NEWS.am Sport-ը:

Պարոն Թորոսյան, պրոֆեսիոնալ ռինգում հայ բռնցքամարտիկներն իրենց, կարծես, վստահ են զգում: Արդեն ունենք առաջին գոտին: Ինչպե՞ս եք գնահատում այս առաջընթացը:

Լավ տեմպերով ենք առաջ գնում պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ունենք 3 առաջատարներ, որոնք ավելի քան 20 մենամարտ են անցկացրել արդեն պրոֆեսիոնալ ռինգում: Դեռ ոչ մի պարտություն չենք կրել ու արդեն սկսել ենք չեմպիոնական գոտիների համար պայքարը: Իսկ տարած հաղթանակները մեծամասամբ ժամանակից շուտ են:

Մի քանի օր առաջ Նարեկ Աբգարյանը Իսպանիայի Էլչէ քաղաքում 8 ռաունդանոց մենամարտ անցկացրեց եւ մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ տարավ: Արամ Ավագյանը 10 ռաունդանոց մենամարտ անցկացրեց, WBC International Silver գոտին նվաճեց: Սա միջազգային գոտի է, ինչը նշանակում է մի քանի մենամարտ հետո մեր մարզիկը կարող է արդեն աշխարհի չեմպիոնին ձեռնոց նետել եւ գնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի մենամարտի:

Արամ Ավագյանի մենամարտն անցավ իմ սպասված ծրագրով: Արամի մրցակից մեկսիկացի բռնցքամարտիկը, թեեւ պարտություններ ուներ, բայց շատ ուժեղ բռնցքամարտիկ էր: Շատ համառ մարտ գնաց մինչեւ վերջ եւ մրցավարները միաձայն որոշեցին հաղթանակը շնորհել Արամ Ավագյանին՝ հնարավորություն տալով նվաճել պրոֆեսիոնալ ռինգում իր առաջին չեմպիոնական գոտին: Այս գոտին իրականում առանձնահատուկ է, քանի որ այն Հայաստանի առաջին չեմպիոնական գոտին է պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ինչու առաջինը, քանի որ մեր մարզիկը ներկայացնում է Հայաստանը, արդեն Հայաստանի ներկայացուցիչն է նվաճում գոտին: Մենք շատ հայ բռնցքամարտիկներ ունենք, մեծ չեմպիոններ ունենք պրոֆեսիոնալ ռինգում, ովքեր ներկայանում են, որ հայ են, բայց Հայաստանը չեն ներկայացնում: Իսկ սա հենց Հայաստանի գոտին է: Ճիշտ է՝ պրոֆեսիոնալ ռինգում որպես այդպիսի երկիրը ներկայացնելու փաստն այդքան էլ մեծ նշանակություն չունի, բայց նաեւ ունի. երբ մարզիկը գոտի է նվաճում, հարցնում են որ երկրից է, որ երկիրն է ներկայացնում, ասում ենք Հայաստան, Արմենիա, չենք ասում՝ Ավստրալիա կամ Ինդոնեզիա:

Պարոն Թորոսյան, չեմպիոնական գոտու համար պայքարի մեջ պետք է մտներ նաեւ Նարեկ Աբգարյանը:

Այո, նրա այս մենամարտը պետք է լիներ չեմպիոնական գոտու, նույն գոտու համար, ուղղակի այլ քաշային կարգում: Բայց Նարեկ Աբգարյանի մրցակիցը վնասվածք էր ստացել եւ մեկ ամսով այդ մենամարտը հետաձգվեց: Այն կկայանա հունիսի 26-ին Մադրիդում: Վստահ եմ, որ Նարեկ Աբգարյանը մեզ կնվիրի երկրորդ գոտին պրոֆեսիոնալ ռինգում:

Արդեն դեպի գոտին է գնում նաեւ Գոռ Երիցյանը: Մայիսի 26-ին տեղի կունենա Գոռի 6-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Նա շատ հեռանկարային եւ նպատակասլաց մարզիկ է, լավ բռնցքամարտիկ ռինգում, եւ նա նույնպես այս տեմպերով շատ շուտ կհասնի գոտու համար պայքարին: Վաղվա մենամարտում նրա մրցակիցը ռուս է, կրկին ուժեղ բռնցքամարտիկ, բայց կասկած չունեմ, որ Երիցյանը կհաղթի, քանի որ նա շատ մեծ քայլեր է անում պրոֆեսիոնալ ռինգում:

Թերեւս 3 բռնցքամարտիկներն էլ մեծ քայլերով գնում են դեպի արդեն իրական աշխարհի չեմպիոնների պայքարին: Մի որոշ ժամանակ անց մենք արդեն աշխարհի չեմպիոններ կունենանք եւ ավելի քան վստահ եմ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտը բիզնես է, մարզիկները վարձատրվում են եւ շատ լավ են վարձատրվում:

Ամեն ինչից բացի, այս երեք բռնցքամարտիկներն էլ սիրողական բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներ են. մենք օլիմպիական ծրագիր ունենք, այդ ծրագրով առաջնորդվում ենք եւ ոչ մի միլիմետր չենք շեղվում: Մենք պարբերաբար պրոֆեսիոնալ ռինգ ենք դուրս գալիս, բայց միեւնույն է, նրանք  3-ն էլ պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին, պայքարեն օլիմպիական ուղեգրի համար եւ փորձեն մեր եռագույնը բարձր պահել Օլիմպիական խաղերում. արդեն ժամանակն է, որ օլիմպիական չեմպիոն էլ ունենանք:

Բացի պրոֆեսիոնալ մենամարտերից, այս մարզիկները կմասնակցեն նաեւ սիրողական բռնցքամարտի միջազգային մրցաշարերին, 2019 թվականի Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Այսինքն՝ դեռ մեր գերնպատակը մնում է Օլիմպիական խաղերը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով