20:55  ,  25 մայիսի, 2018

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ․ Ֆրանսիան յուրահատկություն չունի, Պոգբան մտածում է միայն սանրվածքի մասին

Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն խոսել է Ֆրանսիայի հավաքականի մասին, որի հետ ԱԱ-2018-ում ընդգրկված է միևնույն խմբում։

«Ես չեմ հավատում այդ թիմին․ Ֆրանսիայի հավաքականը յուրահատկություն չունի։ Նրանք չունեն Զինեդին Զիդանի նման առաջատար։ Ֆրանսիացիները պետք է թիմային խաղ ցուցադրեն։

Պոգբա՞ն։ Նա «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում բաց կապույտ գույնի սանրվածքով էր, հնարավոր է, որ մեզ հետ նա խաղա սպիտակ-կարմիր գույնի մազերով։ Ցավալի է, որ Պոգբան մտածում է միայն իմիջի մասին»,- Հարեյդենի խոսքն է փոխանցում Jyllands-Posten-ը։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Ֆրանսիան մրցելու է Ավստրալիայի (հունիսի 16), Պերուի (հունիսի 21) եւ Դանիայի (հունիսի 26) հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով