16:15  ,  24 մայիսի, 2018

Գեղարդ Մուսասին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության մասին

Հոլանդիան ներկայացնող MMA-ի (խառը մենամարտեր) հայ մարտիկ Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) անդրադարձել է համաժողովրդկան շարժմանն ու Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը։

«Հպարտ եմ, քանի որ զոհեր չեղան։ Նրանք արեցին դա։ Չգիտեմ՝ արդյոք նման բան եղել էր այլ երկրում, բայց ոչ ոք չմահացավ, ինչի համար շատ ուրախ եմ։ Ես հիացած եմ նաեւ այն սպասումով, թե ինչ դա կտա ժողովրդին ու երկրի ապագային։ Բոլորը գիտեն, որ վերջին տարիներին Հայաստանն աղքատ երկիր էր, իսկ իշխանությունները կոռուպացված էին։ Մի մասը փողի կարիք չուներ, իսկ ժողովուրդը մնում էր աղքատ։ Հույս ունեմ, որ նոր առաջնորդների հետ երկիրը կփոխվի դեպի լավը։ Հիմա մնում է միայն հուսալ ու հետեւել փոփոխություններին, քանի որ վերնախավը շատ երկար ժամանակ գումարներ էր գողանում, ժողովուրդն աղքատանում էր, իսկ այդպես պետք է չլիներ։ Այնպես որ, հուսով եմ՝ կլինեն փոփոխություններ»,- Մուսասիի խոսքը մեջբերում է Haysport-ը։ 

Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերին Գեղարդ Մուսասին նորամուտը հաղթանակով էր նշել Bellator-ում: ԱՄՆ-ի Անկասվիլ քաղաքում տեղի ունեցած միջին քաշային կարգի մենամարտում նա մրցել էր  Bellator-ի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ եւ հաղթել մրցավարների որոշմամբ՝ 29:28:

Մայիսի 25-ին Մուսասին Լոնդոնում տիտղոսի համար մենամարտ կանցկացնի բրազիլացի Ռաֆայել Կարվալյոյի հետ, որին պատկանում է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում