15:23  ,  24 մայիսի, 2018

ՀՖՖ-ն հրապարակել է ՈւեՖԱ-ից ստացած նամակը «Շիրակի» գործով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է ՈւեՖԱ-ից ստացած նամակը պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ մեղադրվող Գյումրիի «Շիրակի» գործով։ 

«Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա

ՀՖՖ Գործադիր տնօրեն պարոն Արմեն Մինասյանին

Հարգարժան պարոն Մինասյան, 

Հայկական «Շիրակ ՖԱ» ակումբի նկատմամբ Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ հայտնում ենք, որ ՈւԵՖԱ-ն պատշաճ տեղեկացվել է ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշման մասին:

Մասնավորապես հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանա քաղաքում ՈՒԵՖԱ-ի XXXVIII հերթական համաժողովում ընդունված ՛՛Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար՛՛ վերնագրված բանաձևին, համաձայն որի ՈՒԵՖԱ անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում և ձեռնարկում են կոնկրետ գործողություններ և կիրառում արդյունավետ քաղաքականություն՝դրանք արմատախիլ անելու նպատակով: ՀՖՖ-ն, իր հերթին, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին և գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսևորումներին:

Հաջորդիվ, ՀՖՖ գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈւԵՖԱ գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր և ճիշտ գործելը, ինչպես նաև պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից:

Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի և ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈւԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակին և համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել:

Որպես ամփոփում հարկ է նշել նաև, որ ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ և այլն):

Շնորհակալություն Հայաստանում ֆուտբոլի միասնականության պահպանման Ձեր նվիրվածության համար: 

Նիկոլաս Ռաուդենսկի

ՈւԵՖԱ արդար խաղի պաշտոնյա»,- նշված է նամակում։

Հիշեցնենք, որ ՀՖՖ Կարգապահական կոմիտեի որոշմամբ՝ «Շիրակը» զրկվել էր 12 միավորից, ինչի պատճառով չդարձավ Հայաստանի չեմպիոն։ Ավելի վաղ «Շիրակը» հայտնել էր, որ ՀՖՖ-ի Կարգապահական կոմիտեի որոշումը բողոքարկելու է Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում (CAS):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով