22:32  ,  23 մայիսի, 2018

Հենրիխ Մխիթարյանը՝ Յուրա Մովսիսյանի հրավերի մասին․ Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում անցկացրած բաց մարզումից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Մխիթարյանը նշեց, որ նորմալ մարզավիճակում է, չնայած այն փաստին, որ վերջին անգամ խաղացել է 10 օր առաջ։

Ժամանակի սղության պատճառով դեռ նորմալ չի ծանոթացել հավաքականի նորեկների հետ։ Առաջիկա մրցակիցների խաղն էլ դեռ չեն ուսումնասիրել։

«Ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք և այս հնարավորությունը օգտագործենք, չնայած դժվար է, բայց կփորձենք ամեն ինչ անել»,- ասաց Մխիթարյանը՝ պատասխանելով առաջիկա հանդիպումների մասին հարցին։

Յուրա Մովսիսյանի հրավերի վերաբերյալ էլ ասաց հետևյալը․ «Եթե մարզիչը հրավիրել է, ուրեմն արժանի է։ Ցավոք, այս հավաքին չկա վնասվածքի պատճառով»։

29-ամյա ֆուտբոլիստը խոսեց նաև «Արսենալում» տեղի ունեցած մարզչական փոփոխության մասին, ասելով, որ շատ դժվար էր Արսեն Վենգերին հրաժեշտ տալը։ Ունաի Էմերիին էլ հաջողություն մաղթեց։

«Կարող ենք բարի գալուստ մաղթել նոր մարզիչին։ Նրա հետ դեռ չեմ շփվել, բայց հուսով եմ, որ նա «Արսենալին» նոր բարձունքների կհասցնի»,- նշեց Մխիթարյանը։

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը պատրաստվում է Մալթայի (մայիսի 29) և Մոլդովայի (հունիսի 4) հետ ընկերական հանդիպումներին, որոնք տեղի կունենան Ավստրիայում:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում