23:45  ,  22 մայիսի, 2018

Հարի Քեյն․ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում

Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Հարի Քեյնը կարծում է, որ իր երկրի հավաքականի ուժերի սահմանում է հաղթել աշխարհի առաջնությունում։

«Կարծում եմ, որ Անգլիայի հավաքականը կարող է հաղթել աշխարհի առաջնությունում։ Իհարկե մենք գիտենք, որ մրցաշարի ֆավորիտների թվում չենք, սակայն եկեք նայենք անցած մրցաշրջանին։ Ոչ ոք չէր հավատում, որ «Լիվերպուլը» կկարողանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալ, բայց նրանք արեցին դա։

Անգլիան երիտասարդ հավաքական է, և դա կարող է մեր հաղթաթուղթը դառնալ։ Մեզ հարկավոր է ինքնավստահություն։ Ռուսաստանում լինելու են լավ հավաքականեր, սակայն մենք պայքարելու ենք ու հույս ունեմ, որ կկարողանանք հաղթել»,- Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվողի խոսքն է փոխանցում The Telegraph-ը։

Նշենք, որ Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Անգլիայի հավաքականի ավագը կլինի Հարի Քեյնը:  Նա 2015 թվականից է հանդես գալիս Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 23 հանդիպում եւ խփել 12 գոլ: ԱԱ-2018-ի խմբային փուլում անգլիացիները կմրցեն Բելգիայի, Թունիսի եւ Պանամայի հավաքականների հետ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով