16:34  ,  21 մայիսի, 2018

Արմեն Նազարյան. Ցանկանում եմ, որ որդիս օլիմպիական տիտղոս պարգեւի Բուլղարիային եւ գերազանցի իմ հաջողությունները

Հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն անդրադարձել է որդու հաղթանակին Մակեդոնիայում անցկացված հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը եզրափակիչում պարտության էր մատնել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին (3:3): Բուլղարիայի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Արմեն Նազարյանը ներկա էր այդ գոտեմարտին եւ որդու հաղթանակը տոնել է գորգի վրա:

«Անչափ երջանիկ եմ: Քանի որ ես կրկնակի օլիմպիական չեմպիոն եմ, ցանկանում եմ, որ որդիս եւս օլիմպիական տիտղոս պարգեւի Բուլղարիային եւ գերազանցի իմ հաջողությունները: Ես նրան օգնել եմ որպես մարզիչ ու հայր: Ցանկանում եմ, որ մեծ մրցաշարերում ոսկե մեդալ նվաճի ոչ միայն իմ որդին, այլեւ մյուս տղաները: Մեր ապագան երիտասարդների մեջ է: Էդմոնդին բաժին հասավ բարդ վիճակահանություն, սակայն նա 5 գոտեմարտերում էլ հաղթեց ուժեղ մրցակիցների: Նա ունի անհավանական ոգի ու սիրտ, սակայն դեռ պետք է փորձ հավաքի: Մեզ անհրաժեշտ է ըմբշամարտի վերածնունդը Բուլղարիայում»,- հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է երկրի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը:

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն է: Նա Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճել է նաեւ Բուլղարիայի թիմի կազմում:

Հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել էր 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դարձել էր Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Գառնիկ Հարությունյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում