00:40  ,  21 մայիսի, 2018

«Բարսելոնան» հաղթանակով հրաժեշտ տվեց Ինյեստային (ֆոտո)

Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված «Բարսելոնան» հաղթանակով ավարտեց առաջնությունը: Պրիմերայի վերջին՝ 38-րդ տուրի վերջին խաղում կատալոնական ակումբը սեփական դաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ: Միակ գոլն անկրկնելի հարվածով երկրորդ խաղակեսում խփեց բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն (տեսանյութ):

«Բարսելոնայում» վերջին հանդիպումն անցկացրեց իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը մեկնարկային կազմում հանդես եկավ 82 րոպե: 33-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտից հեռացավ հոտնկայս ծափահարությունների ներքո: Ամբողջ կարիերան «Բարսելոնայում» անցկացրած Ինյեստան այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է Ճապոնիա կամ Չինաստան:

«Բարսելոնան» առաջնությունն ավարտեց 93 միավորով եւ 14 միավոր գերազանցեց երկրորդ տեղը գրաված Մադրիդի «Աթլետիկոյին»: Մադրիդի «Ռեալը» երրորդ տեղը գրավեց 76 միավորով: «Բարսելոնայի», «Աթլետիկոյի» ու «Ռեալի» պես Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց նաեւ չորրորդ տեղում հայտնված «Վալենսիան», որը հավաքեց 73 միավոր:

«Վիլյառեալը», «Բետիսն» ու «Սեւիլիան» նվաճեցին Եվրոպայի լիգայի ուղեգիր, իսկ «Դեպորտիվոն», «Լաս Պալմասն» ու «Մալագան» լքեցին Պրիմերան:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի այս առաջնությունում միակ պարտությունը նախորդ տուրում կրել էր «Լեւանտեից» (4:5): Մինչեւ այդ հանդիպումը կատալոնական ակումբը Պրիմերայում գրանցել էր ռեկորդային անպարտելի շարք՝ չպարտվելով 43 խաղ անընդմեջ: 

Իսպանիայի առաջնություն, 38-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 1:0

Ֆելիպե Կուոտինյո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս