00:52  ,  20 մայիսի, 2018

Միհրան Հարությունյանի նորամուտը MMA-ում տպավորիչ էր

Միհրան Հարությունյանի նորամուտը խառը մենամարտերում տպավորիչ հաղթանակով ստացվեց (NEWS.am Sport Live):

Fight Nights Global-ի կազմակերպած երեկոյում Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոնն առաջին անգամ դուրս եկավ ռինգ եւ 2-րդ ռաունդի մեկնարկից վայրկյաններ անց հաղթանակ տոնեց, պարտության մատնելով MMA-ում արդեն 9 մենամարտի փորձ ունեցող իրանցի Ալի Յուսեֆիին:

Երեկոն մեկնարկեց նշանակված ժամանակից մի փոքր ուշ: Մրցաշարի մեկնարկից ժամեր առաջ «Экспресс» արենայի բակում արդեն ասեղ գցելու տեղ չկար: Բոլոր կողմերից լսվում էր հայերեն զրույցներ, գրեթե բոլորը կրում էին Միհրան Հարությունյանի Օլիմպիական խաղերում արված հայտնի ժեստով շապիկներ, ու ամեն ուր նկատվում էին Հայաստանի դրոշներ: Տպավորություն էր, որ երեկոյի գլխավոր մենամարտը ոչ թե Դավիթ Խաչատրյանի մասնակցությամբ մարտն էր, այլ հենց Միհրան Հարությունյանի: Հավաքվածների մի մասն անհամբերությամբ սպասում էին ներս մտնելուն, իսկ մի զգալի հատված դժգոհ հայացքներով շրջում էր՝ մուտքի տոմս գտնելու խնդիր ունենալու պատճառով: Բանն այն է, որ երեկոյի տոմսերը սպառված էին, իսկ Միհրան Հարությունյանի մենամարտը մարզադահլիճից հետեւելու ցանկություն ունեցողներն անհամեմատ շատ:

Երեկոյի մեկնարկից հետո մի քանի մենամարտ անց КСК "Экспресс" արենայի տրիբունաները դեռ կիսադատարկ էին: Միհրան Հարությունյանի մենամարտից րոպեներ առաջ տրիբունաները միանգամից լցվեցին հանդիսականներով: Ասես ամեն ինչ պատրաստ էր Միհրան Հարությունյանի մենամարտի մեկնարկին, բայց կազմակերպիչները մի փոքր ձգձգում էին նորամուտը նշող մարզիկի մենամարտը: Այդ ընթացքում տրիբունաներն ուղղակի պայթում էին՝ Միհրան Հարությունյանին պահանջելով:

Այդ ընթացքում մարզադահլիճում հնարավոր բոլոր կապի միջոցները սկսեցին վատ աշխատել, իսկ ինտերներտն առհասարակ չէր գործում, քանի որ բոլորը ցանկանում էին րոպե առաջ ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել Միհրանի մենամարտը:

Ըմբշամարտի հնարքներով մեկնարկեց մենամարտը Միհրան Հարությունյանը: Հենց մեկնարկից հայ ըմբիշը շատ ակտիվ էր, եւ գրեթե չէր զգացվում նրա նորեկ լինելը խառը մենամարտերում: Միհրանը շատ վստահ էր իրեն զգում ռինգում, արագ էր տեղաշարժում եւ ուղղակի հնարավորություն չէր տալիս Ալի Յուսեֆիին հարված հասցնել: Ըմբշամարտի հնարքներով հենց առաջին ռաունդում Միհրան Հարությունյանը պարտեր պարկեցրեց մրցակցին եւ վերեւից սկսեց հարվածներ հասցնել: Ամեն գնով Յուսեֆին փորձում էր ազատվել Միհրանի կապանքներից, բայց նրան այդպես էլ չհաջողվեց դուրս գալ Միհրանի ոտքերի բռնվածքից: Առաջին ռաունդն ավարտվեց հայ ըմբիշի մեծ առավելությամբ, իսկ Ալի Յուսեֆին գնաց հանգստի արնաշաղախ դեմքով:

Երկրորդ ռաունդից չէր անցել մի քանի վայրկյան Միհրան Հարությունյանը կրկին ըմբշամարտի հնարքով գցում կատարեց եւ 47-րդ վայրկյանում խեղդող հնարքով բռնեց Յուսեֆիին: Մրցակիցը վայրկյաններ անց մարտը կանգնեցնելու ժեստ արեց եւ հրաժարվեց հետագա պայքարից՝ հնարավորություն տալով Միհրան Հարությունյանին տեխնիկական նոկաուտով հաղթանակ տանել ժամանակից շուտ:

Երբ մրցավարը բարձրացրեց Միհրան Հարությունյանի ձեռքը, տրիբունաներից երկրպագուներն ու Միհրանի ընկերները դուրս վազեցին դեպի մենամարտի ռինգ: Այդ ընթացքում Միհրանի թիմի անդամներից մեկը ռինգ բերել Հայաստանի դրոշը, որպեսզի այն իր գլխավերեւում պահի Միհրանը, սակայն կազմակերպիչներն անմիջապես հեռացրեցին դրոշը, բացատրելով որ չի թույլատրվում երկրի դրոշ ծածանել, թեեւ նշվում է, թե մարզիկը որ երկիրն է ներկայացնում:

Խառը մենամարտերին կյանքում առաջին անգամ էի մարզադահլիճից հետեւում: Իրականում այն ինչ ցուցադրվում է հեռուստացույցով, այդքան էլ չի արտացոլում իրականությունն այնպես, ինչպես կա: Խառը մենամարտերն ասես կյանքի ու մահվան կռիվ լինի եւ յուրաքանչյուր մարզիկ, ով դուրս է գալիս ռինգ, պարզ գիտակցում է, որ հենց այդ ռինգում կարող է ամեն ինչ ավարտվել:

Մինչ Միհրանի մենամարտը հետեւեցի մի քանի մենամարտերի: Դաժան հարվածներ, արյուն, կոտրվածքներ, մարմնի վրա կապտուկներ, քերծվածքներ... Եվ այս ամեն մարդկանց ուղղակի հաճույք է պատճառում հետեւել, երկրպագել: Քանի որ լրագրողների աշխատանքային գոտին անմիջապես ռինգի տակ էր, հնարավորություն ունեի մոտ տարածությունից տեսնել, թե ինչ են ապրում մարզիկները ռինգում, հարված, վնասվածք ստանալիս, աչքն այտուցվելուց կամ ավելի վատ՝ մեկ հարվածից հավասարակշռությունը կորցնելիս:

Բայց վախի ու սարսափի զգացողություններն անցան, երբ ռինգ դուրս եկավ Միհրան Հարությունյանը եւ առանց որեւէ վնասվածքի, քերծվածքի եւ արյան հետքերի իջավ ռինգից:

Լուսինե Շահբազյան՝ Ռոստովից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով