23:59  ,  17 մայիսի, 2018

Անդրանիկ Էնդի Դերմեջիան. Վստահ եմ, որ Միհրան Հարությունյանը մեծ հաջողությունների կհասնի MMA-ում (ֆոտո)

Միհրան Հարությունյանը հրաշալի մարզիկ է, նրա մոտ ամեն ինչ ստացվում է, եւ ես վստահ եմ, որ խառը մենամարտերում նա մեծ հաջողությունների կհասնի, այնպես իր առաջին մենամարտում Ռոստովում: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարութունյանի անձնական մարզիչը խառը մենամարտերում ամերիկահայ Անդրանիկ Էնդի Դերմեջիանը: Մայիսի 19-ին կայանալիք MMA մրցաշարից առաջ Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը վերջին մարզումն անցկացրեց Ռոստովում:

«Միհրանի հետ ծանոթացել եմ ԱՄՆ-ում՝ 3 ամիս առաջ: Այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն հասցրել ենք շատ մտերմանալ: Նա հրաշալի մարզիկ է, չափից շատ աշխատասեր եւ տաղանդավոր: Ծանոթանալիս չէի պատկերացնում, թե ինչպիսի մարզիկի հետ եմ աշխատելու: Նա տաղանդավոր է բոլոր առումներով գորգի վրա՝ թե վերեւում է կարողանում հիանալի աշխատել եւ թե ներքեւում: Մենք միասին այս 3 ամիսը աշխատեցինք կոնկրետ նրա առաջին մենամարտի համար: Նա բնատուր շատ լավ մարզիկ է, նրա մոտ ամեն ինչ ստացվում է:

Բնական է, որ այս մարզաձեւում առաջ գնալու համար պետք է շատ աշխատել, եւ ես համոզված եմ, որ նա խառը մենամարտերում մեծ հաջողությունների կհասնի: Ամեն ինչ սկսվում է առաջին հաղթանակով, եւ ես շատ եմ ուզում, որ մայիսի 19-ին նա հաղթի: Ամեն ինչ առջեւում է, Միհրան Հարությունյանը պատրաստ է խառը մենամարտերի ռինգ դուրս գալուն»,- ասաց Անդրանիկ Էնդի Դերմեջիանը:

Ռոստովի խառը մենամարտերի ակումբում Միհրան Հարությունյանի մարզմանը եկել էին հետեւելու բազմաթիվ երկրպագուներ: Բոլորն անհամբերությամբ սպասում էին օլիմպիական փոխչեմպիոնի մարզումների ավարտին, որպեսզի լուսանկարվեն նրա հետ: Շուրջ երկու ժամ տեւած մարզմանը մեծ ուշադրությամբ հետեւում էր նաեւ ազգությամբ ոչ հայ մի տղա երեխա, ով հետո պարզվեց, Միհրան Հարությունյանի մեծ երկրպագուն է: Տղան խնդրել էր հորը գալ մարզադահլիճ եւ լուսանկարվել Միհրանի հետ:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը մայիսի 19-ին պայքարի մեջ կմտնի թեթեւ քաշային կարգում՝ 65.8: Այս պահին մարզիկը կարգավորում է քաշը, քանի որ մայիսի 18-ին, 18:00-ին տեղի կունենա մարզիկների կշռման արարողությունը:

Լուսինե Շահբազյան (Ռոստով)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս