13:04  ,  17 մայիսի, 2018

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականի դիրքն անփոփոխ է

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման նոր աղյուսակում պահպանել է 98-րդ տեղը, որը կիսում է Իսրայելի հետ: Նախորդ հրապարակումից հետո հայկական թիմը հանդիպում չի անցկացրել եւ ունի 347 վարկանիշային միավոր:

Լավագույն տասնյակում եւս փոփոխություններ չկան: ՖԻՖԱ-ի դասակարգումը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան, որին հաջորդում են բրազիլացիներն: Բելգիան բարձրացել է երրորդ տեղ, իսկ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան չորրորդն է: Լավագույն տասնյակում են նաեւ աշխարհի փոխչեմպիոն Արգենտինան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իսպանիան, Չիլին ու Լեհաստանը:

Այս տարվա սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգայի խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Մակեդոնիան 77-րդն է, Լիխտենշտեյնը՝ 181-րդը, իսկ Ջիբրալթարը՝ 196-րդը:

Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական խաղերը կանցկացնի Ավստրիայում՝ մրցելով Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) հետ: ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակում Մոլդովան 173-րդն է, իսկ Մալթան՝ 185-րդը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը նախորդ 2 ընկերական խաղերն անցկացրել էր մարտ ամսին՝ Երեւանում գոլազուրկ ոչ ոքի խաղալով Էստոնիայի հետ եւ նվազագույն հաշվով պարտվելով Լիտվային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով