11:40  ,  17 մայիսի, 2018

«Մարսել» - «Աթլետիկո». Մարզիչների կարծիքները

Եվրոպայի լիգայի եզրափակիչից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» եւ ֆրանսիական «Մարսելի» գլխավոր մարզիչները կիսվել են տպավորություններով:

Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»). «Սա շատ բարդ մրցաշրջան էր, եւ ես կարծում եմ, որ Եվրոպայի լիգայում հաղթանակն ավելին է, քան սովորական տիտղոս: Այս հաղթանակը խորհրդանշում է այն ամենը, ինչը բնորոշ է մեզ՝ ջանասիրաբար աշխատանք ու համառություն:

Մրցաշրջանը դեռ չի ավարտվել, եւ մեզ եւս մեկ միավոր է հարկավոր Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղ գրավելու համար: «Աթլետիկոն» կարեւոր տեղ է զբաղեցնում իմ կյանքում: Այստեղ ես աճել եմ որպես պրոֆեսիոնալ: Ես վերադարձա իմ կյանքում շատ կարեւոր պահի, եւ ակումբն ինձ տրամադրեց այն ամենը, ինչ հարկավոր էր:

Ինչ վերաբերում է Անտուան Գրիզմանին, եթե նա մնա, «Աթլետիկոն» կշարունակի աճել ու զարգանալ: Սակայն, եթե նա հեռանա, սարսափելի ոչինչ տեղի չի ունենա: Անտուանը շատ բան է տվել ակումբին այս տարիներին: Նույնիսկ առանց նրա մենք կշարունակեք աճել»:

Ռուդի Գարսիա («Մարսել»). «Մեր շանսը բաց թողեցինք առաջին խաղակեսում: «Մարսելն» առաջինը ստեղծեց գոլային պահ, սակայն հետո թույլ տվեց սխալ, որը գոլով ավարտվեց: «Աթլետիկոյի» պես թիմերի դեմ խաղերում չի կարելի այդպես սխալվել:

Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի լավ տեսք ուներ: «Աթլետիկոն» լավ թիմ է, եւ մենք պետք է չամաչենք այս պարտության համար: Կարծում եմ՝ մենք հպարտության առիթ տվեցինք «Մարսելի» երկրպագուներին ու ստիպեցինք Ֆրանսիայի ֆուտբոլային հանրությանը երկրպագել մեզ: Հենց դրա համար եմ հպարտանում իմ խաղացողներով»,- փոխանցում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լիոնում կայացած եզրափակիչում իսպանական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով եւ երրորդ անգամ դարձել Եվրոպայի լիգայի գավաթակիր: «Աթլետիկոյից» դուբլի հեղինակ էր դարձել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, որը ճանաչվեց եզրափակիչի լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով