21:06  ,  16 մայիսի, 2018

Fantasy PL-ի մրցաշրջանի ամփոփում․ Սալահի անզուգական ցուցանիշները, «Բարնլիի» եվրոպական երազանքի իրագործումը

Ավարտվեց բրիտանական ֆուտբոլային թատրոնի հերթական ներկայացումը։ Պրեմյեր լիգան ամեն շաբաթ անկրկնելի երեկոներ էր մատուցում՝ մեզ դարձնելով պատմական իրադարձությունների ականատես։ Մասնավորապես, այս տարի ԱՊԼ-ում գերազանցվեցին բազմաթիվ ռեկորդներ, տեղի ունեցան տասնյակ հիշարժան հանդիպումներ և Fantasy-ի աշխարհում մարզիչները ռեկորդային արդյունքներ գրանցեցին, Մո Սալահի և Հարի Քեյնի «անսահման» գոլերին շնորհիվ։

Առավել մանրամասն խոսելով անհատական ռեկորդներից՝ առաջնահերթ պետք է նշել Մոհամեդ Սալահի 32-գոլանոց ցուցանիշը։ Նա Հարի Քեյնի հետ լրացրեց Ալան Շիրերի, Քեւին Ֆիլիփսի, Թիերի Անրիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Ռոբին վան Պերսիի և Լուիս Սուարեսի շարքերը ՝ դառնալով Պրեմյեր լիգայի 30-ի ակումբի անդամ։

Ֆուտբոլիստ

Ակումբ - Մրցաշրջան

Գոլերի քանակ

Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլ», 2017-18

32

Հարի Քեյն

«Տոտենհեմ», 2017-18

30

Լուիս Սուարես

«Լիվերպուլ», 2013-14

31

Ռոբին վան Պերսի

«Արսենալ», 2011-12

30

Կրիշտիանու Ռոնալդու

«Մանչեսթեր Յունայթեդ», 2007-08

31

Թիերի Անրի

«Արսենալ», 2003-04

30

Քեւին Ֆիլիփս

«Սանդերլենդ», 1999-00

30

Ալան Շիրեր

«Բլեքբերն»,19 95-96

31

 

Այս ամենի հետ մեկտեղ FPL-ում Մոհամեդ Սալահը նույնպես դարձավ բացարձակ ռեկորդակիր՝  նվիրելով 303 միավոր այն մարզիչներին, որոնք վստահել էին եգիպտացուն իր մասնակցությամբ խաղերի ժամանակ։ (Տե՛ս հղումը, եթե տեղյակ չես FPL-ի մասին:

Հարի Քեյնը, որն այս մրցաշրջանում հայտնվեց Սալահի ստվերում, «Լիվերպուլի» առաջատարի հետ մեկտեղ ևս մեկ անհավանական ռեկորդի հեղինակ դարձավ։ 2017/2018-ի մրցաշրջանը 38 խաղով համակարգում միակն էր, որի ժամանակ 2 տարբեր ֆուտբոլիստների հաջողվել է գրավել մրցակիցների դարպասն առնվազն 30 անգամ։

Սալահի ելույթներն այնքան հաջող էին, որ «Մանչեսթեր Սիթիի» անհավանական հաղթարշավը կարծես թե մղվեց երկրրդ պլան։ Արաբ շեյխերի ծախսած աստղաբաշխական գումարները ճաղատ իսպանացուն դարձրեցին առաջին մարզիչը, որի ղեկավարած թիմը վաստակել է եռանիշ թվով միավորներ։ Ռետրո քայլ կատարելով դեպի հեռավոր 2003/04 մրցաշրջան ՝ շատ լրագրողներ համեմատեցին Պեպի մրցաշրջանը Վենգերի Invincible մրցաշրջանի հետ, որի ժամանակ լեգենդար «Արսենալը» այդպես էլ չճաշակեց պարտության համը։ Փորձագետները դրվատանքի խոսքեր հղեցին Պեպին ՝ պնդելով, որ 100 միավորը առավել անհաղթահարելի կարող է թվալ, քան անպարտելի մրցաշրջանը։ Բացի այդ, Կապույտների երիտասարդ հարձակումը փորձառու Ագուերոյի գլխավորությամբ գերազանցեցին իրենց իսկ սահմանած ռեկորդը, այն է՝ խփեցին 106 գոլ, ինչը չէր հաջողվել ոչ մի այլ թիմի։

Այսպիսով, այս տարվա բրիտանական ֆուտբոլը լի էր գոլերով և ֆուտբոլիստներով, ովքեր մրցաշրջանի տարբեր մասերում մեկը մյուսի հետևից գոլեր էին խփում։ Մասնավորապես, Մուրճահարների ավստրիացի կիսապաշտպան Մարկո Առնաուտովիչը և Արծիվների կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահան մրցաշրջանի երկրորդ մասում իրենց թիմերին պարգևեցին կարևորագույն միավորներ, որոնց շնորհիվ «Քրիսթալ Փելասն ու «Վեսթ Հեմը» խուսափեցին Չեմպիոնշիփի ուղեգրերից։ Զահայի խաղն այնքան տպավորիչ էր, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը ապրիլին EA Sports-ի կողմից արժանացավ լավագույն ֆուտբոլիստի կոչմանը։ Այս գոլային հրավառություններով հարուստ մրցաշրջանը չէր կարող հետաքրքիր չանցնել Fantasy Premier League-ի մարզիչների համար։

Վերջին տուրում ամենաբաղձալի մրցանակին արժանացավ արաբ մարզիչ Յուսուֆ Շեյխը (2512 միավոր), որը հրաշքով կարողացավ անցնել Fantasy-ի հանրահայտ մարզիչ Բհարատ Դհոդիին։ Յուսուֆը վերջին տուրում եռապատկել էր Սալահի միավորների թիվը (նա այդ հնարավորությունը խնայել էր ամբողջ մրցաշրջանի ընթացքում և օգտագործեց վերջին վճռորոշ տուրում) և ի շնորհիվ Սալահի գոլի և գոլային փոխանցմանը նա կարողացավ 8 և 12 միավորներով գերազանցել, համապատասխանաբար Փոլ Ժիին և Բհարատ Դհոդիին։ Այսպիսով Յուսուֆ Շեյխը կարժանանա VIP հյուրընկալությանն իր սիրելի թիմի խաղին։ Հայաստանում FPL-ի գլխավոր լիգան կազմակերպում է premierleague.am կայքը, որին կարող եք միանալ հուլիսից և պայքարել նվեր մարզաշապիկի համար, որն ամեն տարի ստանում է լավագույն մարզիչը։

Դե ինչ, ավարտվեց 17/18 բրիտանական մրցաշրջանը։ Ավարտվեց Վենգերի հրաժեշտի խաղով, Մխիթարյանի ոչ այդքան հաջող ելույթներով, Սալահի կատարյալ պոկերով «Ուոթֆորդի» դարպասին, «Չելսիի» խայտառակ ձախողմամբ և իհարկե Շոն Դայչի փոքրիկ հրաշքով, որի շնորհիվ «Բարնլին» հաջորդ մրցաշրջանում կուղևորվի եվրոպական ճամփորդության։ Մեզ՝ բրիտանական ֆուտբոլի երկրպագուներիս, մնում է անհամբեր սպասել, մինչ կհնչի Պրեմյեր լիգայի թեմատիկ երաժշտությունը և մեր սիրելի թիմը նորից կսկսի հաղթել։

Դավիթ Խաչատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English