12:26  ,  11 մայիսի, 2018

Լեւոն Ջուլֆալակյանը դժգոհ է Կարապետ Չալյանից. Արսեն Ջուլֆալակյանը դարձյալ շանս կստանա

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունը՝ խոսելով նաեւ առաջիկա ծրագրերի մասին, փոխանցում է NEWS.am Sport-ը:

Ջուլֆալակյանն ակնարկեց, որ Լոնդոն-2012 օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը կվերադառնա հավաքական եւ 77 կգ քաշային կարգում կփոխարինի Կարապետ Չալյանին, որի մրցելույթներից մարզիչը դժգոհ է:

«Մեր հավաքականը հանդես եկավ շատ լավ, կարելի է ասել՝ գերազանց: Եթե 7 մասնակցով չորրորդ տեղն ենք գրավել թիմային պայքարում, բնականաբար, դա շատ լուրջ հաջողություն է:

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանից սպասելիքներն ավելին էին, բայց նա շատ անհաջող գոտեմարտ անցկացրեց շվեդ ըմբիշի հետ: Դժգոհ եմ Կարապետ Չալյանի մասնակցությունից: Կարող եմ նշել, որ նրանից սպասելիքներ կան, բայց 2016 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո անընդհատ ինչ-որ սայթաքումներ են՝ 2017-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական վարկանիշային մրցաշարում: Կարապետի մոտ տեխնիկական զինանոցի պակաս եմ նկատում: Ամեն դեպքում, դեռ աշխատելու եւ ավելացնելու տեղ կա: Այն, որ նա աշխատասեր ու նպատակասլաց ըմբիշ է, դա փաստ է»,- նշեց օլիմպիական չեմպիոնը:

Լեւոն Ջուլֆալակյանն անդրադարձավ նաեւ հոկտեմբերին Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնության կազմի ընտրության հարցին:

«Բոլորս պարզ պատկերացնում ենք, որ եթե մեր առաջատար ըմբիշները պատրաստ լինեն, առողջական խնդիրներ չունենան ու լինեն լավ մարզավիճակում, կմասնակցեն աշխարհի առաջնությանը: Թեթեւ քաշային կարգերում պայքարն անպայման կսրացնենք: Բոլորս գիտենք, որ 77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, որը լուրջ պատրաստվում է, տարբեր միջազգային մրցաշարերի է մասնակցել անցած տարի եւ հանդես կգա նաեւ այս տարի: Կարապետ Չալյանի այս սայթաքումներից հետո, միանշանակ, հարկավոր է ինչ-որ բան մտածել, քանի որ այդ քաշային կարգում լուրջ մասնակցություն եւ մեդալ է պետք: Այնպես որ, փոփոխություններ կլինեն որոշ քաշային կարգերում, ժամանակն ու մրցումները ցույց կտան: Չեմ ցանկանում ժամանակից առաջ ընկնել եւ նախապես հայտարարել կազմը կամ ասել, թե ինչ հաջողություններ կլինեն ու ովքեր կլինեն:

Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հունիսի 10-ից անցկացնելու ենք հավաքներ: Մինչեւ աշխարհի առաջնությունը միջազգային մրցաշարեր ունենք Վրաստանում, Լեհաստանում: Հավաքներ կանցկացնենք նաեւ Ռուսաստանում եւ Բելառուսում: Կլինի 5 հավաք ու 2 միջազգային մրցաշար»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ):

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի այս տարվա առաջնության եզրափակիչում Կարապետ Չալյանը հաղթել էր Արսեն Ջուլֆալակյանին, որից ուժեղ գտնվեց նաեւ փետրվարին Կիեւում կայացած միջազգային մրցաշարում: Դրանից հետո որոշվեց, որ Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է Կարապետ Չալյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում