20:42  ,  7 մայիսի, 2018

Փաշիկ Ալավերդյան. Ծանրամարտի Հայաստանի հավաքականները մնում են որակազրկված

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները շարունակում են կրել դոպինգի համար որակազրկման պատիժը մինչեւ աշխարհի առաջնությունը: IWF-ը դեռեւս հստակ դիրքորոշում չի ներկայացրել Հայաստանի հավաքականների համար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Մայիսի 3-6-ը տեղի է ունեցել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստը, որը քննարկել է 9 երկրների ծանրամարտի հավաքականների որակազրկումը:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերից Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները որակազրկված են մեկ տարով:

«Մասնակցել եմ միջազգային ֆեդերացիայի նիստին, բայց որեւէ պարզ պատասխան Հայաստանի հավաքականների համար չկա: Դեռ ամեն ինչ անորոշ է: Ասում են՝ չգիտենք, դեռ կմտածենք՝ ինչպես պետք է լուծվի հայ ծանրորդների ժամանակավոր որակազրկման հարցը: Միակ հստակ տեղեկությունն այն է, որ կմասնակցենք նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը, իսկ մնացածի մասին չգիտեմ: Այն, որ մայիսից հայ ծանրորդներն ազատվելու էին որակազրկումից, այդպես չէ: Մինչեւ աշխարհի առաջնություն դեռ չենք կարող ոչինչ անել:

Նիստին մասնակցում էին բոլոր այն 9 պետությունները, որոնք այժմ որակազրկված են: Եւ նրանցից որեւէ մեկի հետ կապված հստակ որոշում չկա: Բոլորն էլ մեր պես անորոշության մեջ են: Միջազգային ֆեդերացիայի նիստը վերաբերում էր դոպինգի օգտագործմանը, հակադոպինգային սեմինար էր. խոսվում էր այն մասին, որ չպետք է մարզիկները դոպինգ օգտագործեն, մենք էլ մեր հերթին ասացինք, որ «ղալաթ» ենք արել, էլ չենք անի նման բան, բայց հստակ դիրքորոշում եւ որոշում չկայացվեց մեր եւ մյուս բոլոր պետությունների համար:

Միայն հայտարարվեց, որ աշխարհի առաջնությանը կմասնակցենք, եթե մինչ այդ պայմանագրի բոլոր կետերը կատարենք: Իսկ մինչ այդ չենք կարող մասնակցել որեւէ մրցաշարի:

Սոնա Պողոսյանի հետ կապված միջադեպն ուղղակիորեն ազդել է Հայաստանի նկատմամբ միջազգային ֆեդերացիայի որոշման վրա: Մենք ունենք ստորագրած պայմանագիր, որի կետերը չխախտելու դեպքում միայն կարող ենք իրավունք ստանալ մասնակցել միջազգային մրցաշարերին եւ ազատվել ժամանակավոր որակազրկումից: Սոնա Պողոսյանի դեպքն իր ազդեցությունն ունեցավ: Կշարունակենք մեր մարզումները մինչեւ աշխարհի առաջնություն, մինչեւ տեսնենք ինչ որոշում է կայացնում միջազգային ֆեդերացիան: Այս պահին բոլորս էլ ցանկանում ենք հասկանալ՝ ինչ է լինելու մեր հավաքականների հետ, ինչ որոշում է կայացվելու միջազգային ֆեդերացիայի կողմից»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 20 տարեկանների  Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը երեւանյան հավաքի ընթացքում հանձնած դոպինգ թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: Դոպինգ սկանդալի հետեւանքով ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ Սոնա Պողոսյանի անձնական մարզիչ Արման Ղազարյանը հեռացել են պաշտոնից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս